Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևի ղեկավարած պատվիրակությանը: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Ղրղզստանի գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած հոբելյանական նիստին մասնակցելու համար և նշել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է՝ կոռուպցիայի դեմ համատեղ ջանքերով պայքարելու համատեքստում:
Ղրղզստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Երևանում Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին: Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: