2025 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից հայտնում են
Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և ղազախ ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Անդրադառնալով երկու երկրերի միջև սահմանադրական արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցությունը, Արման Դիլանյանն ընդգծել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակում ՀՀ և ՂՀ Բարձր դատարանների միջև ստորագրված Հուշագրի կարևորությունը: ՀՀ ՍԴ նախագահը նշել է, որ Հուշագիրն ամուր հիմք է ստեղծում Սահմանադրական դատարանների միջև փոխգործակցության զարգացման և ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ՍԴ նախագահին է փոխանցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին տրված պետական պարգևը՝ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալը, ինչպես նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի նախագահ Է. Ազիմովայի կողմից շնորհակալական նամակը, որում մասնավորապես կարևորվում է Ղազախստանի Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի միջև համագործակցության ամրապնդումը։ Ղազախստանի ՍԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Բարձր դատարանների փոխգործակցությունը կնպաստի իրավական մշակույթի զարգացմանը, Սահմանադրության գերակայության ամրապնդմանը և արդարության ու ժողովրդավարության ընդհանուր արժեքների առաջխաղացմանը։
Հայաստանում Ղազախստանի դեսպանն, իր հերթին նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։