Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտի հրապարակումը։ Շիրակի թեմի առաջնորդին երկու տարվա ազատազրկման դատապարտելուց հետո նրա փաստաբանը՝ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Մեզ համար կանխատեսել էր այս դատավճիռը, պատժամիջոցը, պատժաչափը ու պատժատեսակը, եթե կհիշեք նախորդ մեր հանդիպման ժամանակ մոտավոր նույն բանը ասվեց, որ 2 տարի 6 ամիս է առաջարկել մեղադրողը, դատավորն էլ 2 տարի ազատազրկում կարդաց՝ իբրև հումանիստական դրսևորում, սակայն մի կարևոր բան տեղի ունեցավ, որը մենք արձանագրեցինք և ձեր տեսախցիկները ֆիքսեցին․ Միքայել Սրբազանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար, այսօր դատարանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա»։
Նա նշեց՝ ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ է, Սրբազանը ոչ 422, ոչ էլ 442 հոդվածներով նախատեսված արարքներ չի կատարել։ Նա իշխանությունը զավթելուն ուղղված կոչ չի արել, սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Ըստ փաստաբանի, նա կարծիք է հայտնել նախկին իրադարձության մասին, որը չի կարող կոչ համարվել, այստեղ չկա իրավախախտում։
Արա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը մերժել է, վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը՝ կապված Սրբազանի առաջին կալանքի հետ։ Փաստաբանական խումբը մտադիր է դիմելու Եվրոպական դատարան։ Իսկ այս դատավճիռը, ըստ փաստաբանի, բողոքարկվի վերաքննիչ ատյան։ Նա նաև տեղեկացրեց, որ Շիրակի թեմի առաջնորդը ևս սպասում էր այս վճռին, հոգեպես պատրաստ էր։