Ավարտվել է երկու անձին առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել իբրև Ոստիկանության աշխատակիցներ:

Այնուհետև, վերջիններս քաղաքացիական ակոսափող ինքնալից կարաբինով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Տ.Մ.-ի ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ և նստեցրել նույն ավտոմեքենան, ապա լրացուցիչ ստուգումներ կատարելու կեղծ պատրվակով մեքենայով ընթացել են Վանաձոր համայնքի տարբեր փողոցներով:

Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն սրահի, բեռնախցիկի ստուգմամբ ոչինչ չգտնելով շուրջ 1 ժամ անց մեքենայից իջեցրել են Ք.Ա.-ին, իսկ մի քանի ժամ հետո՝ նաև Տ.Մ.-ին՝ բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակելով վերջինիս պատկանող խոշոր չափերով՝ 3 մլն 500 հզր ՀՀ դրամ արժողության ավտոմեքենան:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Դ.-ի և Կ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել