Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Վ․ Դոլմազյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և Ալեքսան Որսկանյանի դատական նիստը։
Iravaban.net-ի հաղորդմամբ՝ նիստին ներկա էին Գլխավոր Դատախազության ներկայացուցիչ՝ դատախազ Ծովակ Մնացականյանը, մեղադրյալներ Սեդրակ Քոչաչյանը, Ալեքսան Որսկանյանը, պաշտպան Հայկ Ալումյանը և փաստաբան Միհրան Պողոսյանը։ Վերջիններս առարկեցին դատական նիստի տեսանկարահանմանը։
Դատական նիստի սկզբում Դատարանին ներկայացավ փաստաբան Միհրան Պողոսյանը։ Նա որպես մեղադրյալ Ալեքսան Որսկանյանի պաշտպան ներգրավվել է գործի քննությանը։ Դատախազ Ծովակ Մնացականյանը առարկություն չներկայացրեց նոր պաշտպանի նեևգրավվման հարցով։
Դատավոր Վ․ Դոլմազյանը տեղեկացրեց, որ առաջին դատական նիստին, պաշտպանների բացակայության պատճառով, ստուգվել է միայն մեղադրյալների ինքնությունը։ Քննարկվել է նաև Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցը, քանի որ կար միջնորդություն և պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չի եղել։ Պաշտպան Միհրան Պողոսյանը Դատարանին ներկայացրեց իր դիրքորոշումը հանրային պաշտպանի ներգրավման վորաբերյալ։ «Նախորդիվ՝ պարոն Մնացականյանից առաջ, քրեական դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, մասնավորապես պարոն Հայկ Հովհաննիսյանին էր այս վարույթը հանձնված և պարոն Աղաջանյանին էր հանձնված մինչև պարոն Մնացականյանը: Հետագայում, որ գործը թերթում եմ, այն ինչ իմ տրամադրության տակ կա, այս մասով որևէ փաստաթուղթ չկա պարոն Մնացականյանի ներգրավվածության հետ կապված ու ուղղակի որոշում է գալիս»,- ասաց Պողոսյանը։
Հավելեց, որ հետագայում ևս որևէ փաստաթուղթ այդ առումով չկա և մեղադրական եզրակացությունը հաստատել է պարոն Մնացականյանը, քրեական գործը վերջինիս է ուղարկել դատարան ըստ էության քննելու: Մի շարք հանգամանքներ կան, որոնց և՛ պարզաբանման, և՛ լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն կա։
Ի պատասխան դատախազ Մնացականյանը ասաց, որ վարույթի խնդրահարույց հատվածը իր մոտ չէ քննության առնելու համար։
«Քանի որ քրեական վարույթներով հսկողական վարույթները վարվում են միջդատական վարույթի համար և արդեն դատաքննության փուլի համար և սույն գործը պարզ գործերից չէր, որը կսահմանափակեինք մեկ հատոր վարույթ կազմելով: Հատորները շատ են, և այսօր, քանի որ նախնական դատալսումների փուլ էր, ինձ մոտ միայն դատաքննությանը վերաբերող վարույթն է առկա: Պարոն Պողոսյանի բարձրացրած հարցի համար պետք է ներկայացվի դատարանին նախաքննական վարույթից նյութեր»,- ասաց Մնացականյանը։
Դատավոր Վահե Դոլմազյանը նշեց, որ հաշվի առնելով փաստաթղթային մի շարք հանգամանքներ այդ հարցին լուծում կտրվի, երբ մեղադրողը տվյալները կներկայացնի։
Միհրան Պողոսյանը առաջ քաշեց ևս մեկ հարց, որն առնչվում էր իր պաշտպանյալի խափանման միջոցին։ Նրա խոսքով Ալեքսան Որսկանյանի նկատմամբ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին, որը Քրեական դատավարության նախորդ օրենսգրքով նախատեսված խափանման միջոց է։
«Դատական պրակտիկա կա այդ առումով, որ եթե քրեական դատավարության օրենսգրքով է սահմանված՝ ժամանակավոր մեկնման հնարավորություն ընձեռում են դատարանները և նախաքննական մարմինները։ Ասեմ ինչ եմ ուզում դատարանից, որ տեսական չլինի։ Հոկտեմբեր ամսին դպրոցական արձակուրդներն են լինելու Ալեքսանդր Որսկանյանը ուզում է այս պահին տեղեկանալ՝ արդյո՞ք հնարավոր է այդ ժամանակահատվածը օգտագործել ու իր ընտանեկան հանգիստը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունից դուրս»,- ասաց պաշտպանը:
Միհրան Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ հայցելու են թույլտվություն ինչ-որ ժամանակով և համաձայն են, որ խափանման միջոցը վերացվի, բայց ընտրվի խափանման միջոց գրավ։
Դատավորը նշեց, որ խափանման միջոցի հարցը առաջնահերթության կարգով քննել այս նիստի ընթացքում չեն կարող։ «Խափանման միջոցի հարցի քննարկմանը դիրքորոշում արտահայտելու իրավունք ունի հանրային մեղադրողը, հետևաբար քանի դեռ հանրային մեղադրողի հետ կապված այդ հարցը քննարկման առարկա չի դարձելու չի լուծվել, խափան միջոցի հետ կապված հարցն էլ չի կարող քննարկել»,- եզրափակեց Դոլմազյանը։
Պաշտպանի հարցին, թե արդյո՞ք «մեռած օրենսգրքի հետ մեռած նորմով» խափանման միջոց է եղել Ալեքսան Որսկանյանի նկատմամբ և դեռ շարունակո՞ւմ է գործել, Դոլմազյանը պատասխանեց, -«Ըստ քրեական գործերի, Ձեր պաշտպանյալի նկատմամբ կիրառված է խափան միջոց»,-և հաստատեց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Գործի քննությունը հետաձգվեց, հաշվի առնելով, որ պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից հանրային մեղադրողին բացարկ ներկայացնելու ու չներկայացնելու հարցի մասով անհրաժեշտ է, որ հանրային մեղադրողը ներկայացնի փաստաթղթեր կամ տեղեկություններ, ըստ էության փաստաթղթի տեսքով, ինչը նրա տրամադրության տակ չկար ։
Դատախազ Ծովակ Մնացականյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-17-ը, հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 10-14-ը և նոյեմբերի 20-24-ը գործուղման է լինելու, Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-26-ը երկրում չի գտնվելու։ Հաշվի առնելով այս հանգամանքները, հաջորդ դատական նիստը կանցկացվի նոյեմբերի 5-ին, ժամը 16։00։ Նիստեր կանցկացվեն նաև դեկտեմբերի մեկին, ժամը 13։00-ին և 2026 թվականի հունվարի 9-ին, ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սեդրակ Քոչարյանը հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Ազատի Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: Որից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու և այդ եկամուտները գույքի ձեռք բերմանն ուղղելու եղանակով: Գործով մեղադրյալ է ևս մեկ անձ՝ Ալեքսան Ոսկանյանը: Ըստ վերջինիս մեղադրանքի՝ Ոսկանյանը, հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն, գործելով ընկերության անունից, այդ թվում՝ ներկայացնելով նրա շահերը և լիազորված լինելով կնքել գործարքներ, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Սերժ Ազատի Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: Որից հետո, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Սեդրակ Քոչարյանին քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, ապա գույքին օրինական տեսք տալու նպատակով օժանդակել է Սեդրակ Քոչարյանին՝ «ԼԼ Բիմբո» ՍՊ ընկերության անունից բանկային փոխանցումներ կատարելով Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվին։