Հեռացված ուսանողը թատրոնի և կինոյի ինստիտուտից 1 միլիոն դրամ է պահանջում. դատարանը վերադարձրել է հայցադիմումը

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Երևանի քաղաքացիական դատարանը վերադարձրել է Սամվել Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի:

Ի՞նչ է պահանջում ուսանողը

Ըստ Դատալեքս համակարգի տեղեկությունների՝ Սարգսյանը 2025թ. հուլիսի 28-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմություն, տեսություն և կառավարում ֆակուլտետի հեռակա բաժնի 2-րդ կուրսից հեռացնելու մասին 2025թ. հունվարի 9-ի թիվ 03-Ա/ՈՒ հրամանը:

Բացի հրամանն անվավեր ճանաչելուց, հայցվորը պահանջել է իրեն վերականգնել որպես ուսանող և փոխադրել 3-րդ կուրս, ինչպես նաև ինստիտուտից բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես բարոյական փոխհատուցում, ինչպես նշված է հայցում, «ուսանողի կրած վիրավորանքների և նվաստացումների համար»:

Դատարանի որոշման հիմքերը

Դատավոր Սերինե Խաչատրյանի 2025թ. օգոստոսի 13-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է մի շարք թերությունների հիմքով:

Դատարանը հայցադիմումը վերադարձնելիս նշել է հետևյալ հիմնավորումները.

  1. Հայցվորն ընդգրկել է երեք պատասխանողի, սակայն հստակ չի ձևակերպել, թե նրանցից յուրաքանչյուրին ուղղված կոնկրետ ինչ պահանջներ ունի
  2. Բարոյական փոխհատուցման պահանջի մասով չի հստակեցվել, թե իրավական որ հիմքով է այն ներկայացվում՝ վիրավորանքի, թե զրպարտության միջոցով է պատճառվել վնասը
  3. Հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին՝ ձևի, բովանդակության և կից փաստաթղթերի մասով
  4. Հայցադիմումին կից չի ներկայացվել հայցվորի կողմից նշված «ՀՊԳ ղեկավարի որոշման պատճենը», ինչի պատճառով դատարանը չի կարողացել գնահատել նաև պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդության հիմնավորվածությունը:

Դատարանի որոշման մեջ նաև ընդգծվել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի պահանջներին:

Գործի հետագա ընթացքը

Համաձայն Դատալեքս համակարգի տվյալների՝ 2025թ. օգոստոսի 13-ից հետո թիվ ԵԴ2/7926/02/25 քաղաքացիական գործի վերաբերյալ այլ տեղեկություններ չկան: Հայտնի չէ, թե արդյոք հայցվորը որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, թե թերությունները վերացնելուց հետո կրկին հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալու պահից եռօրյա ժամկետում հայցվորը կարող էր թերությունները վերացնել և այն կրկին ներկայացնել դատարան: Այլապես, հայցվորը կարող էր որոշումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում բողոքարկել այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել