Iravaban.net-ը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցչի միջև կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանության համար:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը Iravaban.net–ին հայտնել է, որ Մայր Աթոռը հանդիպման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:
«Հանդիպման մասին Մայր Աթոռը ևս տեղեկացել է լրահոսից: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությունները պատշաճ չեմ համարում ինքս գնահատել կամ մեկնաբանել: Հարկ եղած դեպքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից, կարծում եմ, անհրաժեշտ լուսաբանումներ կտրվեն», – ասել է Տեր Եսայի քահանան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցչին, ինչը լայն արձագանք է գտել հասարակության տարբեր շրջանակներում՝ հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները:
Նշենք, որ այս հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որոշ բարձրաստիճան հոգևորականներ գտնվում են կալանքի տակ,- տեղեկացնում է Iravaban.net-ը։