Այո, ես իմ եղբոր պահապանն եմ. կալանավորված գործարար Կարեն Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյան

Iravaban.net-ը ներկայացնում է կալանավորված Սամվել Կարապետյանի և հոգևորականների աջակցությանը նվիրված «Մեր Ձևով» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքում կալանավորված գործարար Կարեն Կարապետյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանի ելույթը.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանում այլևս դժվար է զարմացնել որևէ մեկին։ Հայաստանում այլևս կալանքն ամենից հաճախ լսվող բառերից է։ Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի և նույնիսկ Մայր Աթոռի գահը պաշտպանող մեկ նախադասության համար։

Մենք բոլորս ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք։ Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն, այլ մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի առօրյա կյանքի կենսական մասն են, մեր օդն ու ջուրն են։

Եվ երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, մենք անպայման ունենալու ենք պառակտում, թույլ մտածում, վախ և անարդարություն։

Աստվածաշնչյան պատգամ

Տեր Աստված հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Իսկ նա, քանի որ չարացած էր, սուտ պատասխան տվեց Աստծուն. «Միթե ես իմ եղբոր պահապանն եմ»։

Այս բառերի մեջ թաքնված են հավաքական անտարբերությունն ու վախը, և հենց այս ամենն է, որ թույլ է տալիս ունենալ այսքան քաղաքական բանտարկյալներ, այսքան քաղաքական հետապնդումներ։

Մենք պետք է փոխենք այս միջավայրը և միասնաբար ասենք՝ ԱՅՈ՛, ես իմ եղբոր պահապանն եմ։ Այո՛, պետք է միասնաբար ասենք՝ այո՛, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ։

Քաղբանտարկյալների պաշտպանի երազանքը

Սիրելի հայրենակիցներ, շատ անկեղծ ուզում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչ երազանք ես ունեմ։

Վերջին յոթ տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներով քաղաքական բանտարկյալների պաշտպանություն եմ իրականացրել և իրականացնում եմ։ Ես տեսել և տեսնում եմ անարդարությունը։

Եվ իմ երազանքն է, որ մեր Հայաստանում, որ մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղբանտարկյալներ։ Սա մեծ երազանք չէ, ժողովուրդ ջան։ Սա մի բան է, որ պետք է անենք և անելու ենք մեր ձևով։

Կոչ պայքարի

Չնայած ռեպրեսիվ մեքենային, չնայած խեղդող անարդարությանը, մենք միասին՝ իրապես համախմբված, սիրով ու վճռականությամբ կհաղթահարենք այս փորձությունները։

Մենք կհաղթենք անարդարությանը, որովհետև, որքան էլ դժվար լինի, արդարությունը միշտ էլ հաղթում է, իրավունքը միշտ էլ գերակայում է։

Եվ ուրեմն՝ ազատություն քաղբանտարկյալներին։ Ազատություն, ազատություն, ազատություն, ազատություն, ազատություն։

Առաջարկում եմ բռունցքներս վերև բարձրացնել, և ի՞նչն է մեր ամենակարևոր ճանապարհը, բանալին, բանաձևը։ Պայքարը։ Պայքար, պայքար, պայքար, պայքար, պայքար»,- ասվում է ելույթում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել