ՀՊՄՀ ռեկտորը Հոգաբարձուների խորհրդի հավանությամբ ԲՈՒՀ-ի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով 50 միլիոն դրամի ավանդ է ներդրել բանկում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2025թ. մարտի 31-ին ընդունվել է թիվ 39 որոշումը, որով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գրավոր առաջարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ռեկտորին Բուհի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով Ամերիաբանկում մեկ տարի ժամկետով ներդնել 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդ:

Որոշման մանրամասները

Որոշման մեջ նշված է, որ այն կայացվել է հարցման կարգով՝ քննարկելով համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գրավոր առաջարկությունը բուհի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով Ամերիաբանկում մեկ տարի ժամկետով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդ ներդնելու հարցը:

Հոգաբարձուների խորհուրդը, ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 41-րդ կետի 7-րդ ենթակետով, որոշել է հավանություն տալ իրականացնել գործարքը:

Փաստաթուղթը ստորագրել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Որոշման իրավական հիմքերը

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը վերաբերում է հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատմանը:

ՀՊՄՀ-ի կանոնադրության 41-րդ կետի 7-րդ ենթակետը վերաբերում է ՀՊՄՀ-ի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ՀՊՄՀ-ի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատմանը:

Բանկային ավանդի ներդրման նպատակը

Որոշման մեջ գործարքի նպատակը նշված է «բուհի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով»: Հարկ է նշել, որ «կողմնակի եկամուտ» ձևակերպումը ո՛չ «Հիմնադրամների մասին» օրենքով, ո՛չ ՀՊՄՀ-ի կանոնադրությամբ  չի կարգավորվում:

Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետի, հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրները կարող են լինել՝

  1. հիմնադրի ներդրումը
  2. նվիրատվություններ և նվիրաբերություններ
  3. դրամական մուտքեր պետական բյուջեից
  4. դրամաշնորհներ
  5. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներ
  6. հանգանակություններ
  7. օրենքով չարգելված այլ միջոցներ

Կանոնադրության 86-րդ կետում նույնպես թվարկված են ՀՊՄՀ-ի ֆինանսավորման աղբյուրները, որոնք ներառում են նաև «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ»:

Վերլուծություն

Հոգաբարձուների խորհրդի կողմից 50 միլիոն դրամի ավանդային գործարքի հաստատումը համապատասխանում է օրենքի և կանոնադրության դրույթներին, քանի որ խորհուրդն իրավասու է հաստատել հիմնադրամի գույքի տնօրինման հարցերը և ֆինանսական միջոցների տեղաբաշխումը:

Սակայն «կողմնակի եկամուտ» ձևակերպումը կարող է տարակուսանք առաջացնել, քանի որ բանկային ավանդի տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են և չեն հանդիսանում «կողմնակի» եկամուտ բառի բուն իմաստով:

Առանձնակի ուշագրավ է, որ գործարքը կայացվել է ռեկտորի գրավոր առաջարկով և հավանույան է արժանացել Բուհ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ:

Որոշումը ռեկտորի ձերբակալության լույսի ներքո

Համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:

Տվյալ պահին Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտարարել, թե արդյո՞ք մարտ ամսին կայացված Բուհ-ի համար կողմնակի եկամուտ ստանալու նպատակով Ամերիաբանկում 50 միլիոն դրամի ավանդ ներդնելու որոշումը կապված է ռեկտորին առաջադրված մեղադրանքների հետ, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը:

Ծանուցում. Ձերբակալվածը և/կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել