Ո՞վ է ձերբակալված ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը. կենսագրություն և կարիերա

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ձերբակալության առնչությամբ հանրային հետաքրքրություն է առաջացել ռեկտորի անձի և մասնագիտական ուղու հանդեպ: Ստորև ներկայացնում ենք ՀՊՄՀ ռեկտոր, դոկոտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի կենսագրության հիմնական փաստերը:

Գիտական և մասնագիտական ուղին

Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանը 1989 թվականին ավարտել է ՀՊՄՀ-ի (այն ժամանակ՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ) Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետը:

1990-1993 թվականներին սովորել է ՀՊՄՀ ասպիրանտուրայում և 1995 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հաղորդակցման դերը ավագ նախադպրոցականների մտավոր զարգացման գործընթացում» խորագրով (ԺԳ. 00.01 մասնագիտությամբ):

2006 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պետծառայողների փոխազդեցության հոգեբանական հիմքերը դժվար կոնֆլիկտածին իրավիճակներում» խորագրով, «Սոցիալական հոգեբանություն և արտակարգ իրավիճակների հոգեբանություն» մասնագիտությամբ:

Սրբուհի Գևորգյանը 2002 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2010 թվականին՝ պրոֆեսորի կոչում:

Պաշտոններ և կարիերա

Սրբուհի Գևորգյանի աշխատանքային կարիերան ՀՊՄՀ-ում ներառում է.

  • 1996-ից մինչև այսօր– Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս
  • 2000-2006 թթ.– ՀՊՄՀ հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկանի տեղակալ
  • 2006-2013 թթ.– ՀՊՄՀ հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկան
  • 2013-2021թթ.– ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր
  • 2021թ.-ից մինչև ձերբակալությունը– ՀՊՄՀ ռեկտոր

Բացի համալսարանական կարիերայից, Գևորգյանը 2008-2010 թվականներին եղել է նաև Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հոգեբանության դասախոս:

ՀՊՄՀ ռեկտոր դառնալու ընթացքը

Սրբուհի Գևորգյանը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնին նշանակվել է 2021 թվականին՝ նախկինում 8 տարի համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր աշխատելուց հետո:

2021թ. նոյեմբերի 6-ին Հոգաբարձուների խորհրդի նիստում կայացվել է որոշում (Որոշում N2), որով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ժաննա Անդրեասյանը:

Հետագայում, 2021թ. դեկտեմբերի 18-ին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստում (Որոշում N7), որը ստորագրված է եղել խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանի կողմից, որոշվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրելը, ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սրբուհի Գևորգյանին:

Խորհրդի հաջորդ՝ 2022թ. մարտի 19-ի նիստում (Որոշում N14), որը նույնպես ստորագրված է եղել Ժաննա Անդրեասյանի կողմից, որոշվել է 2022թ. մարտի 19-ից ՀՊՄՀ ռեկտոր ընտրել Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին:

Համալսարանի Հոգաբարձուների խորհրդի կազմը և գործառույթները

Համաձայն ՀՊՄՀ-ի կանոնադրության, ռեկտորն ընտրվում է համալսարանի Հոգաբարձուների խորհրդի կողմից: Հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով: Խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, ՀՀ Կառավարության և Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներից:

Հոգաբարձուների խորհրդի հիմնական խնդիրներն են համալսարանի բյուջեի և ռազմավարական ծրագրերի հաստատումը, համալսարանի գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը, ինչպես նաև ռեկտորի ընտրությունը:

Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է խորհրդի նախագահին: Հոգաբարձուների խորհրդի նախագահը վարում է խորհրդի հերթական նիստերը և հետևում է նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի որոշումներից բխող հանձնարարականների կատարմանը,- ներկայացնում է Iravaban.net-ը:

Ծանուցում. Ձերբակալվածը և/կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել