Քննչական կոմիտեից Iravaban.net-ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Հարգելի/սիրելի գործընկերներ
Ինչպես արդեն մեկնաբանել եմ՝ համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի/փաստի առթիվ, ոչ թե ԱՆՁ-ի նկատմամբ:
Անձի վերաբերյալ Քրեական օրենսգրքում կա «հանրային քրեական հետապնդում» ձեւակերպումը:
Ֆեյսբուքյան հարթակում տարածվում է՝ շատ մեղմ ասած՝ անգրագիտություն:
Խնդրում եմ, պաշտոնական մեկնաբանությունը սոցցանցերում չվերափոխել մանիպուլատիվ բնույթ կրող տեղեկատվության»,- նշում է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ալավերդյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ Քննչական կոմիտեից Iravaban.net-ին տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):