Իրավաբանների հայկական ասոցիացիան հայտարարություն է տարածել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքի և ձերբակալման ընթացակարգի վերաբերյալ։ Հայտարարությամբ, մասնավորապես՝ նշված է.
«2025 թվականի հոկտեմբերի 16-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել, իսկ հաջորդ օրը՝ երկու ամիս ժամկետով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը՝ ֆեյսբուքում կատարած գրառման պատճառով: Փաստաբանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի կամ քննիչի վերաբերյալ արատավորող տեղեկություն հրապարակելու համար:
Մտահոգիչ է փաստաբանի ձերբակալման եղանակը՝ դիմակավորված աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառմամբ և նրան հանրային վայրում գետնին պառկեցնելու գործելակերպը։ Համացանցում հրապարակված տեսանյութում ակնհայտ է, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները փաստաբանին բռնի կերպով դուրս են բերում մեքենայից և պառկեցնում ճանապարհի երթևեկելի մասում: Նման գործելակերպը, հաշվի առնելով ենթադրյալ հանցանքի ոչ բռնի բնույթը, խախտում է անհրաժեշտության և համաչափության իրավական սկզբունքները և կարող է գնահատվել որպես հոգեբանական ճնշման միջոց և փաստաբանական անկախության սահմանափակում:
Ձերբակալման և կալանավորման առնչությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիան արձանագրում է.
1. Մեղադրանքի իրավաչափության հարցը
Փաստաբանին ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում նրա արարքին, քանի որ գրառումը պարունակում է գնահատողական դատողություններ, ոչ թե փաստական տվյալներ: Փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև տարբերակումը ամրագրված է ՄԻԵԴ նախադեպային իրավունքով: Օրինակ՝ Դյուլդինը և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի ((դիմում 25968/02), 2007 թվականի հուլիսի 31-ի վճիռ, § 46) գործով ՄԻԵԴ-ը ընդգծել է. «Դատարանի կայուն դիրքորոշումն է, որ մինչդեռ փաստերի առկայությունը կարող է ապացուցվել, գնահատողական դատողությունների ճշմարտացիությունը ապացուցման ենթակա չէ: Գնահատողական դատողության ճշմարտացիությունն ապացուցելու պահանջն անհնար է բավարարել և խախտում է կարծիքի ազատությունն ինքնին, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասն է (տե՛ս նաև Լինգենսն ընդդեմ Ավստրիայի (դիմում 9815/82), 1986թ. հուլիսի 8-ի վճիռ, Սերիա A թիվ 103, էջ 28, § 46, Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի (դիմում 29369/10), 2015 թվականի ապրիլի 23-ի վճիռ, § 126):
Այսպիսով, փաստաբան Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը բովանդակում է բացառապես գնահատողական դատողություններ, որոնք կարող են ենթարկվել իրավական գնահատականի միայն պատշաճ դատական քննության շրջանակներում՝ դրանց հնարավոր վիրավորական բնույթը որոշելու նպատակով: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն, այս արտահայտությունները չեն կարող դիտարկվել որպես անձի վերաբերյալ փաստական տեղեկություններ տարածելու դրսևորում և, հետևաբար, ենթակա չեն փաստական ստուգման կամ ապացուցման: Այս հիմնավորմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ բացակայում է արարքի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը՝ փաստական տվյալներ տարածելը:
2. Համաչափ որակման հարցը
Ենթադրելով անգամ, որ փաստաբանի գրառումը պարունակում է քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ, համաձայն արարքի իրավական բնույթի և դրա փաստական հանգամանքների, այն առավելագույնը կարող էր որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով՝ որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը օրենսդրորեն դասակարգվում է որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն:
3. Պատժի համաչափության և խափանման միջոցի իրավաչափության հարցը
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Փաստաբան Կոչուբաևը նախկինում չի ունեցել դատվածություն, հետևաբար, նույնիսկ եթե նրա արարքը որակվեր 489-րդ հոդվածով, ինչպես նաև հաստատվեր նրա մեղավորությունը, օրենսդրորեն բացառված կլիներ ազատազրկման ձևով պատժի կիրառումը: Իսկ այս պարագայում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մեծ ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես այն դեպքում, երբ մեղադրյալը խախտել է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները:
4. Եզրահանգում
Վերոնշյալ իրավական վերլուծությունից բխում է, որ փաստաբան Կոչուբաևի նկատմամբ կիրառվել է ակնհայտորեն ոչ իրավաչափ, կամայական կալանավորում (arbitrary detention), որը ոչ միայն հակասում է ներպետական օրենսդրության պահանջներին, այլև չի բավարարում միջազգային իրավունքով սահմանված օրինականության, անհրաժեշտության և համաչափության չափանիշները: Տվյալ պարագայում կալանքի կիրառումը զուրկ է եղել որևէ իրավական հիմքից և ողջամիտ արդարացումից:
Ասոցիացիան խորապես մտահոգված է Հայաստանում վերջին տարիներին կալանավորման որպես խափանման միջոցի կիրառման աճող միտումով, ինչը կարող է ծառայել որպես հանրային ակտիվության սահմանափակման և ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակման գործիք։
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական վերլուծությունը՝ կոչ ենք անում՝
- Վերանայել Ա. Կոչուբաևին առաջադրված մեղադրանքը՝ հաշվի առնելով, որ գնահատողական դատողությունները չեն կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմով, քանի որ բացակայում է արարքի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը՝ փաստական տվյալներ տարածելը։
- Վերանայել Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, և փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով՝ համաձայն ներպետական և միջազգային իրավունքի չափանիշների:
- ՀՀ օրենսդրության համաձայն՝ անաչառ և օբյեկտիվ կարգով քննության առնել ձերբակալման ընթացքում ենթադրյալ անհամաչափ ուժի կիրառման դեպքը և հանրությանը պատշաճ կերպով տեղեկացնել քննության արդյունքների մասին։
- Ապահովել փաստաբանների՝ իրենց մասնագիտական գործունեության ազատ և անխոչընդոտ իրականացման իրավունքը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև բացառել արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումները:
Իրավաբանների հայկական ասոցիացիա
17 հոկտեմբերի, 2025 թ.»։