Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները և Շիրակի մարզի պարեկները հոկտեմբերի 17-ին համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի ավտոմեքենա, որի բեռնախցիկում հրազենի նմանվող առարկա կար։ Վարորդը և երկու ուղևորները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին: Երևանի բնակիչ 43-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն, փամփուշտ և ծալովի դանակ, իսկ 37-ամյա ուղևորի մոտ՝ գաղտնի փականով դանակ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Արթիկի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նույն օրը Անկախության հրապարակում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Արթիկցի 18-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել կռփազենք և 2 ծալովի դանակ: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։