Iravaban.net–ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2025թ. հոկտեմբերի 13-ին հրապարակած թիվ 03/2025-Ա/Վ եզրակացությունը, որը վերաբերում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից անհամատեղելիության պահանջների ենթադրյալ խախտմանը:
Ի՞նչ է բացահայտել Հանձնաժողովը
Ըստ եզրակացության, Առուշ Առուշանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: Հետաքննությունը սկսվել է 2025թ. հուլիսի 14-ին՝ 03/2025-Ա/Վ վարույթի շրջանակներում:
Հանձնաժողովը պարզել է, որ Առուշանյանը 2017թ-ից հանդիսանում է Գորիս համայնքի ղեկավարը (նշանակվել է ՀՀ վարչապետի 14.09.2017թ. N1019-Ա որոշմամբ՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար), իսկ 2021թ. ընտրվել է համայնքի ավագանու անդամ: 2021թ. նոյեմբերի 9-ի ավագանու N 91 Ա որոշմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները:
Առանցքային բացահայտումն այն է, որ Առուշանյանը 2008 թվականից հանդիսանում է «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 09212042) իրական շահառուն, ունենալով 100 տոկոս բաժնեմասնակցություն: Սակայն Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ նա 2008-2017թթ. եղել է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարը:
Իրավակարգավորումների խախտումը
Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ապահովել օրենքի 1-ին մասով սահմանված անհամատեղելիության պահանջների կատարումը:
Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանվում են առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասկացությունները:
Օրենքի համատեքստում, ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման, կամ չի գերազանցում սույն հոդվածի 8-րդ մասի 11-րդ կետում նշված թույլատրելի բաժնեմասնակցությունը:
Օրենքի 10-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերելու առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն:
Ուշագրավ է, որ Առուշ Առուշանյանն իր՝ «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը պաշտոն ստանձնելուց հետո հավատարմագրային կառավարման է հանձնել միայն 2025 թվականի օգոստոսի 4-ին, այսինքն՝ պաշտոն ստանձնելուց գրեթե 8 տարի անց:
Ինչպե՞ս է հակադարձել Առուշ Առուշանյանը
Վարույթում ներկայացված պարզաբանումների համաձայն, Առուշանյանը պնդել է, որ.
- պաշտոնավարման ընթացքում չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,
- իր բաժնեմասնակցության փաստի ուժով որևէ մասնակցություն չի ունեցել ընկերությանը, դրա կառավարմանը և այլ գործառույթների իրականացմանը,
- ներգրավված չի եղել և չի մասնակցել ընկերության կողմից կայացվող որոշումներին,
- որևէ շահաբաժին չի ստացել պաշտոնավարման ընթացքում,
- փաստացի չի պահպանել նաև իր ազդեցությունն առևտրային կազմակերպության գործունեության նկատմամբ։
Բացի այդ, Առուշանյանը պնդում է, որ «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերությանը պատկանող 100% բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնված եղել Ասյա Ղազարյանին (Ասյա Ղազարյանը Առուշ Առուշանյանի մայրն է): Սակայն, այդ մասին գրավոր փաստաթուղթ չի ներկայացվել:
Նա նաև նշել է, որ այս գործով ծանուցումը ստանալուց հետո ձեռնամուխ է եղել առկա ֆորմալ խնդրի լուծմանը՝ նոտարական կարգով սահմանելով հավատարմագրային կառավարումը և ուղարկելով արդեն նոտարական կարգով հաստատված պայմանագիրը պետական ռեգիստրի գործակալությանը:
Ի՞նչ ապացույցներ են առկա
Հանձնաժողովը 2025թ. օգոստոսի 15-ի թիվ 01/1938-2024 գրությանն ի պատասխան՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից 2025թ. օգոստոսի 18-ի գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն պարզել է՝
- «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերությունը 2025թ. օգոստոսի 18-ի (հարցման պատասխանի ստացման) դրությամբ հանդիսանում է գործող առևտրային կազմակերպություն: ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2020-2025 թվականների ընթացքում Ընկերությունն ապահովել է իրացման շրջանառություն, մասնավորապես.
- 2020 թվականին՝ 627,171,796.0 ՀՀ դրամ
- 2021 թվականին՝ 389,541,923.0 ՀՀ դրամ
- 2022 թվականին՝ 232,697,125.0 ՀՀ դրամ
- 2023 թվականին՝ 254,989,664.0 ՀՀ դրամ
- 2024 թվականին՝ 288,920,095.0 ՀՀ դրամ
- 2025 թվականին՝ 155,735,585.0 ՀՀ դրամ
- Պետական եկամուտների տվյալների համաձայն՝ Առուշ Առուշանյանը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերությունից եկամուտ չի ստացել:
Ուշագրավ է, որ 2025թ. օգոստոսի 4-ին Առուշանյանի և Ասյա Հարությունի Ղազարյանի միջև կնքվել է «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիրը, որը 2025թ. օգոստոսի 7-ին նաև գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Հանձնաժողովը կապ է հաստատել Առուշ Առուշանյանի հետ, և վերջինս հայտնել է, որ իր էլեկտրոնային փոստի հասցեն փոխվել է, ինչով պայմանավորված՝ 01/2488-2024 գրության կրկնակի առաքում է կատարվել 2025թ. հունվարի 3-ին՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի հասցեին: Համայնքի աշխատակազմից բանավոր հաստատել են գրության ստացման փաստը, սակայն 2025թ. հուլիսի 9-ի դրությամբ հավատարմագրային կառավարման պայմանագիր Հանձնաժողով չի ներկայացվել:
Հանձնաժողովի հիմնավորումները
Հանձնաժողովը նշում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի նպատակը շահերի բախման հնարավոր իրավիճակների բացառումն է, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց աշխատաժամանակի, որպես հանրային ռեսուրսի, պատշաճ տնօրինման ապահովումն է:
Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները և ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանձնաժողովը, գնահատելով գործում առկա ապացույցները, բոլոր հանգամանքների համակցումը, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ եկել է եզրահանգման, որ Առուշ Առուշանյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները:
Եզրակացությունը
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները:
Համաձայն ներկայացված տվյալների, 2021թ-ից Առուշանյանը զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսացել է «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը և միայն 2025թ. օգոստոսի 4-ին կնքել է «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիրը Ասյա Ղազարյանի՝ իր մոր հետ,- հայտնում է Iravaban.net–ը։