ԿԿՀ-ն ԲՀԿ նախագահին բանավոր դիտողություն է հայտարարել․ Գագիկ Ծառուկյանը հանձնաժողով չի ներկայացել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ազատել վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կուսակցությունը 2022 թվականին չի պահպանել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը՝ սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում կուսակցության համար սահմանված նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատուին վերադարձնելու, իսկ անհնարինության դեպքում՝ պետական բյուջե փոխանցելու պահանջը։

Հանձնաժողովի կողմից կուսակցությանը գրություն է ուղարկվել ու խնդրել հնգօրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել բոլոր բանկային հաշիվների (բացառությամբ նախընտրական հիմնադրամների) վերաբերյալ տեղեկությունները, բանկային հաշիվների վերաբերյալ մուտքերի և ելքերի վերաբերյալ քաղվածքները, մի քանի այլ պայմանագրեր և փաստաթղթեր։

2024 թվականի մարտի 22-ին կուսակցության կողմից ներկայացվել է պահանջվող տեղեկատվությունը։ Միաժամանակ, կուսակցությունից հայտնել են, որ տարեկան հաշվետվության աուդիտորական եզրակացության, ինչպես նաև «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթով հայտնաբերված անհամապատասխանությունների և խախտումների առնչությամբ անհամաձայնություն առկա չէ:

ԿԿՀ-ի ստուգմամբ պարզվել է, որ տարեկան հաշվետվության աղյուսակում տեղ է գտել Վարդուհի Յորղանջյանի կողմից կուսակցությանը 2,930,000 դրամի չափով նվիրատվության փաստը։

Պարզվել է նաև, որ հաշվետու տարում կուսակցության բանկային հաշվին Յորղանջյանի կողմից կատարվել է հանրագումարային 5,370,000 դրամի չափով դրամական միջոցների մուտք։

Վերոնշյալ իրավախախտման հայտնաբերմամբ պայմանավորված՝ հանձնաժողովը 2024 թվականի օգոստոսի 22-ին Գագիկ Ծառուկյանին ուղարկել է ծանուցում՝ օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելու զանցանքի հատկանիշներով առերևույթ իրավախախտման վերաբերյալ՝ հրավիրելով վերջինիս հանձնաժողով։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու վայրի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ծառուկյանը չի ներկայացել հանձնաժողով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը, ինչպես նաև մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու համար:

Այս տարվա սեպտեմբերի 6-ին կուսակցության կողմից հանձնաժողով է ներկայացվել բանկային վճարման հայտարարագիր, որի համաձայն՝ 2,870,000 դրամ՝ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվությունը փոխանցվել է Վարդուհի Յորղանջյանին։

Նշված գործով օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվության գումարը նվիրատուին փոխանցելու փաստը վկայող ապացույցը ներկայացնելու արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել։

Հանձնաժողովը որոշել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ազատել վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն՝ կարճելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը։

Որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Ծառուկյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից:

Որոշումը կարող է բողոքարկվել:

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել