Հիմք չկա, թե կա. ԱԱԾ գրության օրինականությունը ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստի կիզակետում

Հոկտեմբերի 14-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, պատասխանողների ներկայացուցիչներ Հարություն Հարությունյանը, Դավիթ Վարդիկյանը և Վահե Սեդրակյանը։ Դատավարության մյուս մասնակիցները ծանուցված էին, սակայն չէին ներկայացել։ Դատավարությունը շարունակվեց մյուս մասնակիցների բացակայությամբ։ Պատասխանողների ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին նիստի տեսանկարահանմանը։ Նիստը ձայնագրվել է։

ԱԱԾ գրության օրինականության քննարկում

Նիստի սկզբում դատարանն առաջարկեց քննել ապահովման միջոցի մասնակի ձևափոխման վերաբերյալ միջնորդությունը։ Պատասխանողի ներկայացուցիչները սակայն միջնորդեցին այդ քննությունը հետաձգել՝ նյութերն ամբողջացնելու նպատակով։

Այնուհետև քննվեց հայցի առարկայի և հիմքի պարզման հետ կապված հարցը։ Պատասխանողի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին հայցվորի ներկայացուցիչ Աննա Հարությունյանին։ Հարություն Հարությունյանը հարցրեց, թե արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայության կողմից ուղարկված գրությունն ինքնին համարվում է հիմք ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրություն սկսելու համար:

Աննա Հարությունյանը պատասխանեց, որ օրենքի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների (ՕՀՄ) արդյունքում հայտնաբերված տվյալների հիման վրա իրավասու մարմինը կարող է նախաձեռնել ուսումնասիրություն։ Երբ պատասխանողի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում են ստացվել այդ տեղեկությունները, դատախազ Հարությունյանը նշեց, որ իրավասու մարմինն իրավասու չէ ստուգելու, թե ինչ գործողությունների արդյունքում են ստացվել այդ տեղեկությունները։

«Իրավասու մարմինն ունի մեկ գործառույթ. համապատասխան փաստաթուղթը ստանալով՝ ուսումնասիրել դրանում ներկայացված տեղեկատվությունը և գալ եզրահանգման՝ արդյո՞ք այն բավարար է ձևավորելու այդ փուլում կասկած, որ անձին պատկանում է 50մլն դրամը գերազանցող գույք»,- նշեց Հարությունյանը։

Ուսումնասիրության սկսման օրինական հիմքերը

Պատասխանողի ներկայացուցիչը հարցրեց. «Հիմա եթե ես ձեզ տրամադրեմ որևէ անձի գույքի քանակ կամ հայտարարագրեր՝ պաշտոնական կայքից հանած, ձեր մոտ դա կարո՞ղ է կասկած առաջացնել ուսումնասիրություն սկսելու համար, թե ոչ»։

Աննա Հարությունյանը հստակեցրեց, որ ցանկացած սուբյեկտի կողմից տրամադրված տվյալները չեն կարող ուսումնասիրության հիմք հանդիսանալ։ Օրենքը հստակ առանձնացրել է այդ սուբյեկտների շրջանակը։

Նա նաև ավելացրեց, որ բացի ՕՀՄ-ի միջոցով ստացված տեղեկություններից, ուսումնասիրության հիմք կարող է հանդիսանալ նաև որոշակի քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը, և եթե մեղադրվող արարքից հետո ձեռք են բերվել ապօրինի ծագում ունեցող գույքեր, ապա դրանց նկատմամբ նույնպես պետք է տարածվի բռնագանձման պահանջը։

«Բնականաբար ուսումնասիրությունը սկսում է մեկ կամ մյուս հիմքով: Նպատակը հիմքի հետ ըստ էության ուղիղ կապի մեջ չէ, այսինքն՝ հնարավոր չէ, որ լինի մի իրավիճակ, որ անձը լինի օրինակ քրեական հետապնդման հարուցման հիմքով, բայց անձը լինի պաշտոնատար անձ ավելի վաղ ժամանակահատվածում, և այդ հանգամանքը իրավունքների կողմից անտեսվի: Եթե այս երկու պայմանները կան, բնականաբար կա թե՛ կոռուպցիայի դեմ պայքարը, և թե՛ հանցագործության դեմ պայքարը»,- եզրափակեց դատախազը:

Պաշտոնների համապատասխանության հարցը

Կողմերը քննարկեցին նաև պաշտոնների համապատասխանության հարցը։ Հայցապահանջում նշված է, որ Վահրամ Բաղդասարյանի՝ 1990-1996թթ զբաղեցրած Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավորի պաշտոնը համարժեք է ավագանու անդամի պաշտոնին։ Պատասխանողի ներկայացուցիչը այդ դիտարկման հետ համամիտ չէր։

Հաջորդ նիստի համար դատարանի ակնկալիքները

Չավարտվող քննարկմանը միջամտեց դատավոր Նարինե Ավագյանը՝ նշելով, որ հարցերը կրկնվում են, պատասխանները ևս։

Նա ընդգծեց, որ հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանի համար անհրաժեշտ է լինելու պատասխանող կողմի դիրքորոշումը հաշվարկների եղանակի վերաբերյալ, ինչպես նաև հաշվարկներում ներառված բոլոր ելակետային տվյալների մասով։ Եթե դրանք չներկայացվեն որպես առարկություն կամ առաջարկներ, ապա հիմք կընդունվի հայցվորի կողմից ներկայացված ամբողջ հաշվարկը ծախսերի վերաբերյալ։

«Խոսքը վերաբերում է բանկային գործարքներով կատարված ծախսերին և մնացած ծախսերին, որը հայցվորը հաշվարկել է, նաև մեթոդի հետ կապված՝ ընդունելի է մեթոդը, թե ոչ, եթե ոչ, ինչպե՞ս եք դա պատկերացնում»,- նշեց դատավորը։

Հաջորդ նիստերի ժամանակացույց

Այս հայտարարությունից հետո պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը միջնորդեց որոշակի ժամկետով հետաձգել դատական նիստը։

Դատական նիստը հետաձգվեց այս միջնորդության հիման վրա։ Հաջորդ նիստերը կանցկացվեն հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, և դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին։ Հոկտեմբերի 30-ին կքննվի հայցի ձևափոխման միջնորդությունը, իսկ դեկտեմբերի 12-ին կշարունակվի բուն գործի քննությունը։

Մանրամասները դատական նիստի ձայնագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել