Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագիծը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների փոփոխությանը և լրացմանը՝ ուղղված ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
Մասնավորապես՝
- 335-րդ հոդվածում հստակեցվում է հրազենի հետ կապված գործողությունների պատասխանատվությունը, ինչպես նաև ավելացվում է նոր՝ 1․1-ին մաս, որով ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի) ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը կպատժվի երեքից վեց տարի ազատազրկմամբ։
- Միաժամանակ խստացվում են պատժաչափերը՝ որոշ դեպքերում սահմանելով չորսից ութ տարի ազատազրկում։
- 393-րդ, 394-րդ և 402-րդ հոդվածներում սահմանվում են նոր ծանրացուցիչ հանգամանքներ, երբ հանցագործությունները կատարվում են
- տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով,
- կամ անչափահասի ներգրավմամբ։
- Բացի այդ, նոր կարգավորումներով հանցանքի կատարման անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ հանգամանքը ևս դիտարկվելու է որպես ծանրացուցիչ
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճ, հատկապես՝ համացանցային հարթակների միջոցով։
- Միայն 2024թ. ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 3639 դեպք,
որոնցից 1910-ը՝ իրացման, իսկ 3047-ը՝ ապօրինի շրջանառության դեպքեր։ - 2025թ. առաջին ութ ամիսներին արձանագրվել է 2526 դեպք, որոնցից 1298-ը՝ իրացման։
- Ապօրինի մաքսանենգության դեպքերի թիվը կազմել է 20, որոնց արդյունքում առգրավվել է շուրջ 80 կգ տարբեր տեսակի թմրամիջոց։
- Բացահայտվել է նաև, որ միայն 2025թ. առաջին կիսամյակում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 321 դեպք է արձանագրվել։
Համացանցային հարթակների միջոցով թմրամիջոցների վաճառքն այսօր իրականացվում է հիմնականում «Տելեգրամ» հավելվածում գործող խանութների և զրուցարանների միջոցով, որոնց թիվը գերազանցում է 620-ը։ Հաշվի առնելով այս միտումները՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ուժեղացնել քրեական պատասխանատվությունը, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կամ անչափահասների ներգրավմամբ։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական ազդեցություն չի ունենա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
- բարձրացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը,
- կանխել համացանցային հարթակների միջոցով թմրամիջոցների իրացման և տարածման դեպքերը,
- խստացնել ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու կամ կրելու համար նախատեսված պատիժները,
- պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվելու ռիսկերից։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է
- թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի 5․1 ուղղությունից,
- ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1671-Լ որոշման հավելվածի միջոցառումների առաջին կետից։
Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։