Ինչպես Iravaban.net–ը տեղեկանում է, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Արհեստական բանականությամբ ստեղծված նյութերի դեմ պայքար
Նախագծով առաջարկվող փոփոխություններից հատկապես ուշագրավ են արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերի կիրառմամբ երեխաների շահագործման դեմ ուղղված դրույթները:
Ըստ նախագծի հիմնավորման՝ արհեստական բանականության լայն տարածումը հանգեցրել է երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների իրականացման դեպքերի ավելացման: Մասնավորապես, երեխաների նկատմամբ կիրառվում են արհեստական բանականության միջոցով ստեղծված պոռնկագրական նյութեր, որոնց միջոցով կատարվում են շորթումներ:
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածում նախատեսվում է ավելացնել ծանրացնող հանգամանք. «անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորող, բռնություն գործադրելու սպառնալիք պարունակող կամ սեռական բնույթի գործողություններ կամ առաջարկություններ նախատեսող՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութ օգտագործելով»:
Հարկ է նշել, որ այս ծանրացնող հանգամանքը վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլև չափահասներին:
Առցանց սեռական բռնության քրեականացում
Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում, որով սահմանվում է «երեխայի պոռնկություն» եզրույթը: Այս փոփոխությամբ հստակեցվում է, որ երեխային կարող են ներգրավել պոռնկության ոչ միայն իրական կյանքում, այլ նաև առցանց տիրույթում:
Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետում «բնույթի» բառից հետո առաջարկվում է լրացնել «ներառյալ՝ առցանց» բառերը: Սա հնարավորություն կտա բացառել տարընթերցումները և երեխաներին պաշտպանել նաև առցանց սեռական բռնությունից և շահագործումից:
Մանկական պոռնոգրաֆիայի սահմանման հստակեցում
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 5-րդ մասում, որտեղ սահմանվում է «մանկական պոռնոգրաֆիա» հասկացությունը:
«Մանկական պոռնոգրաֆիա» հասկացությունը կներառի նաև արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութերում ներառված գործողությունները: Ձևակերպումը կկիրառվի հետևյալ կերպ՝ «Սույն հոդվածով և սույն օրենսգրքի 202-րդ հոդվածով» բառերից հետո «նմանակված» բառից հետո կավելացվի «ներառյալ՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված նյութում ներառված» բառերը:
Այլ կարևոր փոփոխություններ
Նախագծով առաջարկվում են նաև այլ կարևոր փոփոխություններ։
Մասնավորապես, սահմանվում է քրեական պատասխանատվություն երեխայի և մերձավոր ազգականների՝ երեխայի տատի, պապի, եղբոր (այդ թվում՝ խորթ), քրոջ (այդ թվում՝ խորթ), ծնողի քրոջ կամ եղբոր հետ տեսակցությունների խոչընդոտելու համար:
Քրեական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել նոր 245.1 հոդված, որով կքրեականացվի երեխայի որդեգրման միջնորդական գործունեության իրականացումը, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net–ը։
Նյութի լուսանկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով։