Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին»։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում և քննարկման փուլում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 24-ը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերջին տասնամյակում Հայաստանի գիտության ոլորտում արձանագրվել է ֆինանսավորման կայուն աճ։ Եթե 2018 թվականին ոլորտին հատկացվել էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2025-ին գումարը հասել է 39 մլրդ դրամի, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 0.36 տոկոսը։ Չնայած դրական միտումներին՝ ցուցանիշը դեռևս զիջում է համեմատելի երկրների մակարդակին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համապատասխան չափորոշիչներին։
Ֆինանսավորումը շարունակելու է իրականացվել երեք հիմնական ձևերով՝
- բազային ֆինանսավորում՝ գիտական կազմակերպությունների ինստիտուցիոնալ աջակցության համար,
- նպատակային ծրագրային ֆինանսավորում՝ պետական կարիքներից բխող հետազոտությունների համար,
- գիտական դրամաշնորհներ՝ մրցութային և անհատական նախագծերի համար։
Բազային ֆինանսավորման մասնաբաժինը 2018-ից ի վեր նվազել է՝ 80 տոկոսից հասնելով 46 տոկոսի, ինչի հաշվին աճել են նպատակային և մրցութային ծրագրերը։
Նախագծում արձանագրվում է, որ գիտական համակարգում առկա են կադրային լուրջ խնդիրներ։ 2024 թվականի դրությամբ պետական ֆինանսավորմամբ գործում է 54 գիտահետազոտական կազմակերպություն, որտեղ աշխատում են շուրջ 3760 գիտաշխատող, որոնցից մոտ կեսը՝ գիտական աստիճան ունեցողներ։ Գիտական ղեկավարների գրեթե 48 տոկոսը կենսաթոշակային տարիքից բարձր է, իսկ կանանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 30 տոկոս։
Նախագծում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ապահովել սերնդափոխություն և երիտասարդ կադրերի ներգրավում, ինչպես նաև բարելավել գիտահետազոտական պատրաստությունը բուհական մակարդակում։ Հայաստանը շարունակում է մասնակցությունը մի շարք միջազգային հարթակներում և ծրագրերում՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա», Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (Դուբնա), COST, ISTC և այլ նախաձեռնություններ։
2025 թվականի դրությամբ Հայաստանը ներգրավված է 17 համատեղ գիտական ծրագրերում, իսկ «Հորիզոն Եվրոպա»-ի շրջանակում հայաստանյան կազմակերպությունները ներգրավել են ավելի քան 7.8 մլն եվրո դրամաշնորհային ֆինանսավորում։ Ընդհանուր առմամբ, հայ գիտնականները համագործակցում են 167 երկրների գիտական կենտրոնների հետ, ինչը վկայում է միջազգային կապերի ընդլայնման և գիտության միջազգային ինտեգրման միտման մասին։
Նախագծի տվյալներով՝ 2015–2024 թվականներին հայկական գիտական կազմակերպությունները Web of Science շտեմարանում հրապարակել են ավելի քան 13․700 գիտական հոդված։ Առավել մեծ մասնաբաժին ունեն ֆիզիկայի և աստղագիտության հետազոտությունները՝ 33 տոկոս, ինչպես նաև կենսաբժշկություն և կենսաբանություն ոլորտները։
Նոր ռազմավարությամբ մինչև 2030 թվականը նախատեսվում է տարեկան ապահովել մոտ 3․200 միջազգային հրապարակում, խթանել գիտական արդյունքների կիրառականացումը և ձևավորել մրցունակ հետազոտական խմբեր։
ԿԳՄՍՆ-ի նախագծով գիտության զարգացման ռազմավարական նպատակներն են՝
- գիտական գերազանցության խթանում,
- տնտեսական ազդեցության և կիրառական արդյունքների մեծացում,
- սոցիալական պատասխանատվության բարձրացում,
- կառավարման համակարգի արդիականացում և թվայնացում։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանը պետք է ձևավորի Եվրոպական հետազոտական տարածքին համահունչ, մրցունակ և արդյունավետ գիտական համակարգ, որը կնպաստի երկրի տնտեսական և տեխնոլոգիական զարգացմանը։ Շահագրգիռ կողմերը իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 24-ը՝ e-draft.am հարթակի միջոցով։