Այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր: Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը՝ մարտական հաշվարկ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները, որտեղից ծուխ է դուրս գալիս, պատվում են հողածածկով:
Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր, մինչև վաղն առավոտ:
Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները, կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։