Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։
«Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։
Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով», ֊նշվում է հրապարակման մեջ։