Ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետների երկարաձգում․ նոր օրենսդրական նախաձեռնություն

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի հօ-397-ն օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ի հօ-397-ն օրենքում լրացում, ըստ որի՝

«3․1․ Ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով՝

  • եթե դրանք Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չեն եղել,
  • բայց արտացոլված են 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում),
    ապա այդ տեղեկությունները և փաստաթղթերը (լուսանկարներ, բաց հասանելի աղբյուրներից տվյալներ, որակավորված անձի եզրակացություն, գույքի և հարակից գույքերի սեփականատերերի գրավոր հավաստումներ, ինչպես նաև Կառավարության կողմից սահմանված այլ փաստաթղթեր) կարող են ներկայացվել Կադաստրի կոմիտե մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
  • Կադաստրի կոմիտեն դրանք կընդունի կամ կմերժի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում։
  • Կառուցման տարեթիվը կհաստատվի որակավորված անձի եզրակացությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կադաստրի կոմիտեն բացահայտի այլ հանգամանք։
  • Որակավորված անձը պատասխանատու է իր եզրակացության մեջ ներկայացված տվյալների իսկության համար։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված ՀՕ-397-Ն օրենքով փոփոխվել էին քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթներ՝ նպատակ ունենալով բացառել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։
Միաժամանակ, անցումային դրույթներով նախատեսվել էր, որ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ շարունակում են կիրառվել նախկին կարգավորումները, և այդ կառույցները կարող են օրինականացվել Կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի N 02/12.21/22818-2025 հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել էր մշակել իրավական ակտի նախագիծ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ և վերջնականապես երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետը։

Սա արվելու է՝ քաղաքացիներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով՝ իրենց ունեցվածքը օրինականացնելու համար։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝

  • ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու,
  • քաղաքացիներին հնարավորություն տալու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտե,
  • և ապահովելու սեփականության ու հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման մեջ։

Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարության կողմից կընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել