Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 23-ից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Գործող կարգավորմամբ սահմանվում է, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը պարտավոր է տեխնիկական զննության կայան ներկայացնել տրանսպորտային միջոցը և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների դեպքում՝ տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը,
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը։
Նախագծով առաջարկվող փոփոխությամբ նշված փաստաթղթերի ցանկը լրացվում է այն պահանջով, որ ավտոցիստեռնի դեպքում տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը պարտավոր է ներկայացնել նաև՝
- ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը, և
- ավտոցիստեռնի ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Քանի որ ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշմամբ, որում նախատեսված են նաև տեխնիկական զննություն իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն չիրականացնելու դեպքերը, ուստի անհրաժեշտ է որպեսզի ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության բացակայությունը ևս վերը նշված որոշմամբ սահմանվի տեխնիկական զննության իրականացման արգելք։
Միաժամանակ, քանի որ տեխնիկական զննություն իրականազնողը հասանելիություն չունի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրին, ուստի նախագծով առաջարկվում է, որ ավտոցիստեռնի տեխնիկական զննություն անցնելու դեպքում, բացի ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշուման սահմանված փաստաթղթերից, տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը տեխնիկական զննության կայան ներկայացնի ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգում կսահմանվի արգելք ավտոցիստեռնի ամենամյա տեխնիկական զննության իրականացման, եթե բացակայում են․
- ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը և
- ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը: