Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում․
- Օրենքի 1-ին մասում «պետական պաշտոն զբաղեցնող անձինք» ձևակերպումից հետո ավելացվում է․
««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները, ինչպես նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները)»։
- 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ․
«2․ Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր»։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը նպատակ ունի բարելավել հանրային ծառայության ոլորտում հայտարարագրման համակարգը՝ ընդլայնելով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը և բարձրացնելով հայտարարագրման ինստիտուտի արդյունավետությունը։
Ներկայումս պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ղեկավարները հայտարարագիր ներկայացնում են միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով՝ իրավիճակային հիմքով։ Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքով որոշ պաշտոնների համար սահմանված չէ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, իսկ դատական համակարգի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամներն առհասարակ նման պարտականություն չունեն։
Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են վերացնել այս բացերը՝ հիմք ընդունելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի զեկույցում տեղ գտած հանձնարարականները։
Զեկույցում նշվում է, որ հայտարարատու անձանց շրջանակի ընդլայնումը պետք է ներառի նաև նշված կառույցների ղեկավարներին՝ պարտավորեցնելով նրանց ներկայացնել տարեկան հայտարարագրեր։ Բացի այդ, դատական իշխանության մարմինների դատավոր չհանդիսացող անդամները ևս պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրեր։
Այս առաջարկությունները համահունչ են ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1871-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2023–2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությանը, որը սահմանում է կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման ուղղությամբ համալիր քայլեր, ասյ մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։