Հնարավո՞ր է որ Ձեր աչքից վրիպել է շաբաթ օրով կնքված պայմանագիրը․ կայացավ Երևանի նախկին քաղաքապետի գործով հերթական նիստը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հոկտեմբերի 8-ին Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ կայացած դատական նիստում քննվեց Երևանի  նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի  աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  նախկին  պետ Կարեն Դավթյանի գործը (թիվ՝ ՀԿԴ/0256/01/23): Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը հակակոռուպցիոն դատարանից, գործով դատական նիստին ներկա էին բոլոր մասնակիցները։ Դատական նիստին չէին ներկայացրել վկա Գագիկ Պետրոսյանը, նիստերի քարտուղարը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները այցելել են նրա տուն, կազմվել է համապատասխան արձանագրություն։

Ինչպես նախորդ նիստերի, այս անգամ ևս պաշտպանական կողմը առարկեց տեսանկարահանմանը։ Նիստը ձայնագրվել է։

Դատական նիստին ներկա էր գործով վկա նոտար Նունե Սարգսյանը։ Նա նշեց, որ մեղադրյալներից որևէ մեկի հետ ազգակցական կապեր կամ թշնամական հարաբերություններ։ Նունե Սարգսյանը 2005 թվականից մինչ օրս զբաղվում է նոտարական գործունեությամբ։

Նունե Սարգսյանը նշեց, որ Երիտասարդական պալատի շենքի օտարման գործարքը ինքը չի իրականացրել և մանրամասն ցուցմունք տալ չի կարող։  Գործարքի կատարման ընթացքում վկան հանդիսացել է նոտարի օգնական։   Խնդրահարույց գործարքը, որով Զախարյանը 2004թ. հունվարի 16-ին, առանց համապատասխան իրավական հիմքերի, որոշում էր կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին օտարել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը, կատարվել է նույն նոտարական գրասենյակում, որտեղ  Նունե Սարգսյանը աշխատել է։

Վկան նշեց, որ Երվանդ Զախարյանին անձամբ չի ճանաչում, միայն ի պաշտոնե։ Չի ճանաչում նաև «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի սեփականատերերից կամ տնօրեններից որևէ մեկին։ Նա պատասխանեց դատախազ Ծովակ Մնացականյանի և դատարանի կողմից հնչած մասնագիտական գործավարմանը վերաբերող հարցերին՝ ինչպե՞ս են վարվում սեղանամատյանները, ի՞նչը կարող է պայմանագիրը չվավերացնելու հիմք հանդիսանալ, գործերը արդյո՞ք ունեն հերթական համար և այլն։

«Եթե գույքի նկատմամբ կա և վարձակալության իրավունք, և սեփականության իրավունք՝ նոտարում գրանցված։  Սեփականության իրավունքի հերթական համարը ավելի փոքր է, քան վարձակալության իրավունքինը։ Ըստ Ձեր պատասխանի կարո՞ղ եմ ենթադրել, որ առաջինը գրանցվել է վարձակալության իրավունքը։ Ո՞րն է ավելի վաղ եղել»,- հարցրեց Մնացականյանը։

 Ի պատասխան Նունե Սարգսյանը նշեց, որ եթե պայմանագրերը կնքվում են նույն օրը նույն ժամին՝ կարող է հակառակ հերթականությունը ևս լինել։

 Հանրային մեղադրողը հարցրեց, արդյո՞ք ոչ աշխատանքային օրվա ընթացքում կնքված պայմանագիրը կասկած կառաջացնի՞, որի հիմքով նոտարը կարող է չվավերացնել այն։ Վկան նշեց,- «Եթե աշխատանքային գրաֆիկին ծանոթ լինեմ ՝գուցե»։

2004 թվականի հունվարի 17-ը, որը հողամասի ուղիղ վաճառքի պայմանագրի կնքման օրն է, եղել է շաբաթ, իսկ վարձակալության պայմանագիրը կնքվել է ուրբաթ օրը, բայսց սեղանամատյանում  դրանք գրանցվել են հակառակ հերթականությամբ։

 «Հնարավո՞ր է որ Ձեր աչքից վրիպել է շաբաթ օրով կնքված պայմանագիրը և 755 և 754 հերթական համարների փոփոխությունը կարո՞ղ է վրիպակ լինել»։

Նունե Սարգսյանը նշեց, որ եթե պայմանագրերը նույն օրն են վավերացվել՝ հերթական համարը խնդիր չի առաջացնում, իսկ պայմանագրի՝  շաբաթ օրը կնքված լինելը հավանաբար վրիպել է ուշադրությունից։

Անդրադարձ կատարվեց Վարձակալության պայմանագրի կնքման անհրաժեշտությանը, սա կողմերի միջև բանավեճի պատճառ դարձավ։ Վկա Սարգսյանը նշեց,- «Ես գտնում եմ, որ եթե օրենքում ամրագրված է դրույթը  կարող է կնքվել, կարող է չկնքվել պայմանագիրը»։

Հարցաքննության ավարտին վկա Նունե Սարգսյանը նշեց, որ iravaban.net-ը , գործին վերաբերող նախորդ նյութում նշել է, որ  դատական նիստը հետաձգվել է իր պատճառով։ Նշենք, որ նյութում անդրադարձ է արվել 2 վկաների բացակայությանը, նյութի նշված հատվածը մեջբերում ենք անփոփոխ․

«Դատարանը տեղեկացրեց, որ նոտարական պալատի նոտար Նունե Սարգսյանը ծանուցում էր ուղարկել իր արձակուրդի մեջ գտնվելու վերաբերյալ: Ինչ վերաբերում էր երկրորդ վկա Գագիկ Պետրոսյանին, նրա հարցով արդեն իսկ կայացվել էր հարկադրաբար դատարան ներկայացնելու մասին որոշում, սակայն այն չէր կատարվել»:

Նյութի վերնագրում համապատասղան փոփոխություններ են կատարվել։

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դատարանը անհարգելի էր համարել վկայի բացակայությունը։

Վկայի հարցաքննությամբ դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 21-ին, ժամը 14։30-ին։

Համաձայն մեղադրանքի՝ Երվանդ Զախարյանը 2004թ. հունվարի 16-ին, առանց համապատասխան իրավական հիմքերի, որոշում էր կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին օտարել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը (նախկին երիտասարդական պալատի շենքի տարածքը):

Գործով առկա է մոտ 750 միլիոն ՀՀ դրամի գույքային հայց: 2024թ. մայիսի 24-ի դատական նիստի ընթացքում դատարանը «Բացակայելու արգելքին» համակցված որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Նշենք, որ գործը մեկնարկել է 2023թ. նոյեմբերի 15-ին, և մինչ այժմ կայացել է 10 հիմնական դատալսում, իսկ 5-ը հետաձգվել են տարբեր պատճառներով (պաշտպանի վատառողջություն, արձակուրդ, աշխատանքային ծանրաբեռնվածություն, որակավորման քննություններ, վկաների ծանուցված չլինելու պատճառներով):

Մանրամասները՝ դատական նիստի ձայնագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել