Առուշ Առուշանյանի գործով նիստը հետաձգվեց. պատասխանողը նոր ապացույցներ է ներկայացրել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, շարունակվեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝  դատական նիստին ներկա էին ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, Առուշ Առուշանյանի ներկայացուցիչներ Հակոբ Մարտիրոսյանը և Աննա Եսայանը։
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր՝ պատասխանող կողմին  «Գոր Մետալ» ընկերության հետ կապված ապացույցներ ներկայացնելու բավարար ժամանակ տրամադրելու համար։
 Դատարանի 2025 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ դատարանը պահանջել էր նշված ընկերությունից ստանալ Առուշ Առուշանյանի կողմից  307 մլն 60 հազար ՀՀ դրամ գումարի փոխառության համար հիմք հանդիսացած պայմանագիրը, ինչպես նաև  այդ փոխառության ստացումը և վերադարձը հաստատող  վճարահաշվարկային սկզբնական փաստաթուղթը։
Պատասխանող կողմը ներկայացրեց վճարային փաստաթղթերը, սկսած 2014 թվականից, նշվեց որ պայմանագիր չի կնքվել։
«307մլն 60 հազար դրամը ձևավորվել է ոչ թե հենց 2017 թվականին, այլ 2014 թվականից սկսած տրված և ստացված փոխառությունների հիմքով ձևավորվել է նախ 172մլն 680 հազար դրամը։ Դրանից հետո ձևավորվել է  նաև մնացած գումարը»,- ասաց  Հայկ Մարտիրոսյանը։
Ներկայացված բոլոր փաստաթղթերը՝ դրամարկղի և մուտքի օրդերները  ներկայացվեցին հայցվոր կողմին և բնօրինակներով կցվեցին գործին։
Աննա Հարությունյանը գործի քննությունը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, տրված նոր ապացույցները ուսումնասիրելու համար։ Գործի քննությունը միջնորդության բավարարման հիմքով հետաձգվեց։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա  նոյեմբերի 5-ին, ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ  ՀՀ գլխավոր դատախազության  անունից Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 19․01․2024 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ Առուշ Գագիկի Առուշանյանից  հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
ՀՀ Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
– 253.583.891 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
– 370.077.000 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել