Հանրային մեղադրողն առաջարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նշանակված լրացուցիչ դատական նիստը։  Նիստի սկզբում մեղադրյալի ներկայացուցիչը Դատարանին բացարկի միջնորդություն ներկայացրեց, հիմնավորելով, որ Արմինե Մելիքսեթյանը, սեպտեմբերի 24-ին, վերդիկտը հրապարակելուց հետո կողմերին չի հայտնել, որ նրանք ունեն իրավունք մինչև հաջորդ նիստը ունեն իրավունք միջնորդություն ներկայացնելու։

«Մենք հակված ենք պնդելու, որ Դատարանն ունի կողմնակալ վերաբերմունք Միքայել սրբազանի նկատմամբ»,- նշեց պաշտպանը։

Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը, նշելով որ ներկայացվածը բավարար հիմնավորում չէ։

Հանրային մեղադրողը միջնորդեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով`հաշվակցելով մեղադրյալի մինչև օրս արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։

Առարկելով, պաշտպան Երեմ Սարգսյանը բերեց մի շարք նույնաբովանդակ գործերի օրինակներ, որոնցով սահմանվել են առավել մեղմ պատիժներ, ազատազրկումը որպես պատիժ չի կիրառվել։ Օրինակներ բերվեց նաև միջին ծանրության, առաջին անգամ կատարված հանցանքների՝ Արմինե Միքայելյանի նախագահությամբ անցկացված դատական գործերի, որոնց դեպքում ևս ազատազրկում չի նշանակվել կամ նշանակվել է կարճատև ազատազրկում։

Ի վերջո, Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հեռացավ խորհրդակցության սենյակ։ Վերջնական դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին, ժամը 17։ 30-ին, տեղեկացնում է Iravaban.net-ը։

Նշենք, որ սույն հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ   Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ից կալանավորված էր։ Սեպտեմբերի 2-ին կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս 1 ամսով։ Սեպտեմբերի 24-ին կայացած դատական նիստում Դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ճանաչեց մեղավոր Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ վերդիկտի նույնն է թողնվել նաև խափանման միջոցը՝ կալանքը որոշակի սահմանափակումներով։ Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի էությանն նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել