Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բուխարեստում մասնակցել է Երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային նախարարական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով անչափահասների արդարադատության ոլորտում 2024 թվականին Բոգոտայի նախարարական համաժողովի ընթացքում ստանձնած միջազգային հանձնառությունները, ինչպես նաև դրանց համահունչ իրականացվող աշխատանքները: Աննա Կարապետյանը ներկայացրել է ոլորտային զարգացումները, ներառյալ՝ օրենսդրական նախաձեռնություններն ուղղված երեխայակենտրոն արդարադատությանը, դատավարական գործընթացներում ներգրավված հոգեբանների դերի ամրապնդմանը և ՀՀ-ում արդեն իսկ գործող Բարնահուս մոդելների զարգացմանն ու միջազգային չափանիշներին ամբողջությամբ համապատասխանեցմանը։ Ներկայացվել են նաև անչափահասների արդարադատության առանձնահատկությունների վերաբերյալ բազմաշահառու վերապատրաստումները, որոնք անց են կացվել քննիչների, դատախազների, սոցիալական աշխատողների և անչափահասի քննչական գործողություններին ներգրավվող որակավորված հոգեբանների մասնակցությամբ:
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ Արդարադատության նախարարությունից։
Աննա Կարապետյանը ելույթով է հանդես եկել նաև համաժողովի «Երեխաների արդարադատության համակարգերի բարեփոխում՝ կենտրոնանալով կանխարգելման և վերականգնման վրա» վերտառությամբ պանելային քննարկման ընթացքում՝ կիսվելով Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության, նոր քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված երեխայակենտրոն կարգավորումների, դատավարական գործընթացներում երեխաների կրկնազոհականացումից խուսափելուն ուղղված գործողությունների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող երեխաների համար իրականացվող վերասոցիալակացման միջոցառումների, պրոբացիայի շահառու հանդիսացող երեխաների նկատմամբ պրոբացիայի համակարգի բարեփոխման պետության առաջատար փորձով և հատուկ ընթացակարգով:
Համաժողովը կազմակերպել էր Ռումինիայի աշխատանքի, ընտանիքի, երիտասարդության և հասարակական համերաշխության նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ համագործակցությամբ: