Մարիխուանայի ապօրինի պահման համար մեղադրվող անձն ընդունել է մեղքը. տարաժամկետմամբ կվճարի 375.000 դրամ տուգանք

Ինչպես Iravaban.netը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից,  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել և ավարտվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Մ.Օ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելը և պահելը):

Գործի նախապատմությունը.

Ըստ մեղադրանքի՝ Մ.Օ.-ն խախտել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, որի համաձայն արգելվում է առանց համապատասխան թույլտվության թմրամիջոցների շրջանառությունը: Նա առանց իրացման նպատակի ապօրինի ձեռք է բերել և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայում պահել է 3.83 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, որն էլ հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ:

Քրեական վարույթը նախաձեռնվել է 2024 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ Ռ. Խառատյանի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Մ.Օ.-ն ձերբակալվել է, սակայն հետագայում՝ ժամը 18:28-ին, ազատ է արձակվել՝ անազատության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով:

2025 թվականի հուլիսի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Ռ. Արսենյանը որոշում է կայացրել Մ.Օ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

2025 թվականի հուլիսի 30-ին քննիչը որոշում է կայացրել քրեական վարույթից ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքն անջատելու մասին, և գործն ուղարկվել է դատարան միայն 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործի դատավարական ընթացքը.

Օգոստոսի 7-ին գործը մեղադրական եզրակացությամբ և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ ուղարկվել է դատարան, որին շնորհվել է ԵԴ1/2855/01/25 համարը: Գործը հանձնվել է դատավոր Մ. Արզումանյանին:

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Մ.Օ.-ն հայտնել է, որ չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը և պաշտպանի՝ Կ. Խաչատրյանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնել, որ դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով: Մեղադրյալը խնդրել է, որ կիրառվի տուգանքի վճարման տարաժամկետման կարգ 12 ամիս ժամկետով:

Օգոստոսի 8-ին դատարանը որոշում է կայացրել համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին:

Դատավճիռը.

Օգոստոսի 22-ին դատարանը, քննելով գործն ըստ մեղադրանքի Մ.Օ.-ի, ճանաչել է նրան մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ 375.000 դրամ: Հաշվի առնելով մեղադրյալի խնդրանքը, դատարանը թույլատրել է տուգանքը վճարել մաս առ մաս՝ 12 ամսվա ընթացքում, ըստ դատապարտյալի և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կողմից սահմանված ժամանակացույցի: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցի հարցը՝ թողնվել լուծելու թիվ 13187125 քրեական վարույթով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ այն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, – Iravaban.netը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել