Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ձերբակալված պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ, քանի որ պռոռեկտորը խոստովանական ցուցմունք է տվել: Այդ մասին Iravaban.net–ը տեղեկացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ո՞վ է Մարիաննա Հարությունյանը
Մարիաննա Ռուբենի Հարությունյանը զբաղեցնում է ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնը 2021 թվականից: Նա նաև Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Կրթությունը և մասնագիտական փորձը
Մարիաննա Հարությունյանն ունի հարուստ կրթական և մասնագիտական փորձառություն:
Կրթություն.
- 2014թ. – առ այսօր Ֆինլանդիայի Օուլուի համալսարան, Կրթության ֆակուլտետի դոկտորանտ, հետազոտող, դասախոս
- 2013թ. Ատենախոսության պաշտպանություն «Էրգոթերապևտիկ միջամտության ուղիները և մոտեցումները մանկական ուղեղային կաթվածով երեխաների հետ աշխատանքում»
- 2010-2013թթ. Հոլանդիայի Ամստերդամի Էրգոթերապիայի Եվրոպական մագիստրական կրթության ակադեմիա, Էրգոթերապիա գիտության մագիստրոս
- 2004-2007թթ. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Էրգոթերապիայի բակալավր
- 1996-2001թթ. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական, տարրական և հատուկ կրթության ֆակուլտետ, Հատուկ կրթության մագիստրոս
Աշխատանքային փորձը.
- 2021թ.-առ այսօր ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր
- 2018-2021թթ. ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի պետ
- 2018թ.-առ այսօր ՀՊՄՀ-ի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ի տնօրեն
- 2017-2018թթ. ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
- 2017թ.-առ այսօր ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ
- 2005-առ այսօր ՀՊՄՀ-ի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, դոցենտ
Միջազգային ծրագրերի համակարգումը
Մարիաննա Հարությունյանն ակտիվորեն ներգրավված է եղել տարբեր միջազգային ծրագրերում՝
- 2021թ.-առ այսօր Better Teaching for Better Future Շվեյցարական ծրագրի (Ցյուրիխի մանկավարժական համալսարան, Վրաստանի կրթության նախարարություն, Մոլդովայի կրթությյան նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան) հայկական կողմի համակարգող
- 2018-2020թթ. ԲՈՒՍՏ (Միջազգայնացման և մարկեթինգի խթանումը հայաստանյան բուհական համակարգում), Էրազմուս Պլյուս կարողությունների զարգացման ծրագրի համակարգող
- 2018-2020թթ. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներից իրականացվող «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» ծրագրի համակարգող
Գիտական հրապարակումները
Մարիաննա Հարությունյանը շուրջ 37 գիտական հոդվածների հեղինակ է: Նա նաև մի շարք մասնագիտական ձեռնարկների և ուսումնական նյութերի համահեղինակ է, այդ թվում՝
- «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» մեթոդական ուղեցույց (2020թ.)
- «Ներառական կրթության ռազմավարություն» դասագիրք (2020թ.)
- «Տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպման ուղեցույց» ուսումնամեթոդական ձեռնարկ (2017թ.)
Խափանման միջոցի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ միասին ձերբակալված պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Համաձայն կոմիտեի հաղորդագրության, ՀՊՄՀ-ի ղեկավարությունը մեղադրվում է համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ:
Դատարանի կիրառած խափանման միջոցի մանրամասներն առայժմ չեն հրապարակվել, ձերբակալված պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի նկատմամբ չի կիրառվել կալանավորում, քանի որ նա խոստովանական ցուցմունք է տվել: Ըստ իրավաբան փորձագետների, այլընտրանքային խափանման միջոցները կարող են ներառել ստորագրություն չբացակայելու մասին, անձնական երաշխավորություն, գրավ կամ տնային կալանք, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net–ը:
Ծանուցում. Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։