2025 թվականի հոկտեմբերի 15-ի Հակակոռուպցիոն քրեական դատարանում, Մերի Մոսինյանի նախագահությամբ անցկացվեց Թ․ Շ․-ի, Ա․Ն-ի և Ա․ Հ․-ի գործով դատական նիստը։
Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ընդունվել 2018 թվականի սեպտեմբերի 3-ին։ Վարույթում է գտնվում սեպտեմբերի 10-ից։ Մեղադրական եզրակացությունը կազմվել է հետևյալ կերպ
- Թ․Շ․-ին և Ա․ Ն․-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
- Ա․ Հ․-ին 308-րդ հոդվածի 1-մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով։
Մեղադրական եզրակացությունները
- Թ․Շ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վ․ Դ․-ի և Վ․ Ա․-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
- Ա․ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնում․ ունենալով արդարադատության կապիտանի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
- Ա․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, ունենալով արդարադատության փոխգնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գրծառույթներ մշտապես իրականացվող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև խոշոր չափերով կաշառք է ստացել։
Գործի քննության ընթացքը
2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանի վարույթ։ Սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գործն ըստ ընդդատության ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Սեպտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանի վարույթ։
2018 թվականի հոկտեմբերի 01-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քրեական գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարանի նախագահին ընդդատության մասին վեճը լուծելու համար։ Հոկտեմբերի 22-ին գործն ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Վարդանյանի վարույթ։
Հաշվի առնելով ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ՆՀ-454-Ա հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու հանգամանքը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Վարդանյանը 2018 թվականի հոկտեմբերի 25-ին վերամակագրման նպատակով քրեական գործը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։ Հոկտեմբերի 27-ին ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանի վարույթ։
2018 թվականի նոյեմբերի 09-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանը որոշում է կայացրել քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու մասին։ Նոյեմբերի 13-ին գործն ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Մաթևոսյանի վարույթ և 2018 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ նշանակվել է դատական քննության։
Հաշվի առնելով ՀՀ Նախագահի՝ 2023 թվականի ապրիլի 03-ի թիվ ՆՀ-118-Ա հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու հանգամանքը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Մաթևոսյանը 2023 թվականի ապրիլի 27-ին վերամակագրման նպատակով գործը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին։
2023 թվականի մայիսի 02-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժ․ Չիչոյանը ստանձնել է վարույթը և նշանակել նախնական դատալսումներ։ Հունիսի 02-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Քրեական գործը 2023 թվականի հունիսի 09-ին մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մ․ Մոսինյանին, իսկ փաստացի հանձնվել է նախագահողին 2023 թվականի հունիսի 13-ին։
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին) 483-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
Հաշվի առնելով, որ այս քրեական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ արդեն իսկ նշանակվել է դատական քննության, այն պետք է վարույթ ընդունել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներով։
Ղեկավարվելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածով․
Գործի ներկա դրության մասին Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում տվյալներ նշված չեն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: