ՊԵԿ-ում ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները

ՊԵԿ-ում  տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանի գրասենյակի և ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) քարտուղարության ներկայացուցիչների միջև։ Iravaban.net-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊԵԿ վարչարարության իրականացման համատեքստում ծխախոտի ապօրինի շրջանառության և ապօրինի իրացման դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծել է, որ ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՊԵԿ գործունեության առաջնահերթություններից մեկն է։ Նա նշել է, որ իրականացվող միջոցառումների շարքում առանձնահատուկ նշանակություն ունի ծխախոտի և ալկոհոլային արտադրանքի պարտադիր մակնշման համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու տվյալ ապրանքների հետագծելիությունը և զգալիորեն բարձրացնելու տվյալ ոլորտում վարչարարության արդյունավետությունը։

ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարության ներկայացուցիչները, անդրադառնալով ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային ՀՀ անդամակցությանը, նշել են, որ Հայաստանը ծխախոտի դեմ պայքարում զգալի հաջողություններ է արձանագրել և ունի արդյունավետ փորձ։ Միաժամանակ, կարևորվել է Հայաստանի անդամակցությունը Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման մասին արձանագրությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել