Քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք հետևել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացված Հայաստանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Մհեր Հարությունյանի բանախոսությանը

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը, արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումն ու հասարակական կյանքի մեջ նրանց ներգրավվածությունը, նախաձեռնել էր հերթական կրթամշակութային մեծ միջոցառումը բոլոր քրեակատարողական հիմնարկների մասնակցությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է քրեակատարողական ծառայությունից։

«Հայոց բանակի կազմավորումը և մարտական ուղին» թեմայով բանախոսությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդես է եկել Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի պետ, ավագ գիտաշխատող Մհեր Հարությունյանը։ Բանախոսությանն առցանց միացել են նաև մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք։

Մհեր Հարությունյանը ներկայացրել է Հայոց բանակի կազմավորման և կայացման ուղին՝ Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը, տվել է գիտական վերլուծություններ ռազմական իրադրությունների ուղղվածության վերաբերյալ՝ դիտարկելով Հայաստանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առանձնահատկությունները։

Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ հետևել են բանախոսությանը, ուղղել բազմաթիվ հարցեր և ստացել մասնագիտական մեկնաբանություններ և կարծիքներ մեր ժամանակակից պատմության կարևորագույն էջերի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Մհեր Հարությունյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների և հեղինակած գրքերի ցուցահանդեսին։ Ցուցադրվել են բազմաբնույթ ձեռագործ աշխատանքներ, որոնք արտահայտում են հեղինակների ներաշխարհը, բացահայտում անազատության պայմաններում ստեղծագործող մարդու մտահղացումները, զգացմունքներն ու պատկերացումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել