Ոստիկանության ծառայողներին ներկայացվող ֆիզիկական և առողջական պահանջները կսահմանվեն նոր կարգով

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ՆԳ նախարարի հրամանի  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ հրամանն ուժի  մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ է սահմանվում նախագծով

Նախագծով սահմանվում են ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի պահանջները։ Մասնավորապես՝

  • Ոստիկանության ծառայողի ֆիզիկական պատրաստականությունը սահմանվում է որպես ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ունակությունների ամբողջություն։
  • Նշված պահանջների նպատակը ծառայողական արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումը։
  • Ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման կարգը և պայմանները սահմանվելու են ոստիկանության պետի հրամանով։
  • Ծառայողի պատրաստվածությունը գնահատվելու է երեք վարժությունների արդյունքների հանրագումարով՝ համաձայն հրամանի հավելվածում նշված աղյուսակի։

Նախագծով նաև հստակեցվում է, որ այս պահանջները ներկայացվում են ոչ միայն ոստիկանության գործող ծառայողներին, այլև այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են անցնել ծառայության ոստիկանությունում։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է  ՀՀ ներքին գործերի  նախարարության կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Ներկայումս ոստիկանության ծառայողներին ներկայացվող ֆիզիկական և առողջական պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշմամբ։ Սակայն օրենսդրական վերջին փոփոխություններով լիազորությունը՝ նման պահանջները սահմանելու, կառավարության մակարդակից փոխանցվել է լիազոր մարմնի ղեկավարին՝ ներքին գործերի նախարարին։

Այս փոփոխությունը բխում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններից, որոնք ընդունվել են 2025 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այն նպատակ ունի արդիականացնել պահանջների սահմանման ընթացակարգը և ապահովել իրավական կարգավորման ճկունություն՝ համապատասխանեցնելով այն ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական հատկացումներ պետական բյուջեից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ՝

  • կսահմանվեն ժամանակակից պահանջներին համարժեք ֆիզիկական և առողջական չափանիշներ,
  • կապահովվի ոստիկանության ծառայողների մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության բարձր մակարդակ,
  • կնպաստի ոստիկանության անձնակազմի արդյունավետության և հասարակական անվտանգության բարձրացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշմամբ հաստատված «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից»։
Փոփոխությունը միտված է ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործմանը և բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Նախագծով մանրամասն սահմանվում են՝

  • Իգական սեռի ծառայողներին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվները՝ ըստ տարիքային խմբերի,
  • Արական սեռի ծառայողներին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվները՝ ըստ տարիքային խմբերի,
  • Ֆիզիկական նորմատիվների թեթևացման պայմանները՝ կախված ծառայողի հագուստի, սեփական քաշի և տեղանքի առանձնահատկություններից,
  • Գնահատման աղյուսակ,
  • Ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների աղյուսակ,
  • Առողջական վիճակի հետ կապված պահանջներով նախատեսված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների վերաբերյալ բացատրություններ։

Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://www.e-draft.am/projects/9214/about ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել