Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Հստակեցվում և լրացվում են սահմանադրական և օրենսդրական հասկացությունները.
- «Պետական լեզվաքաղաքականություն»՝ սահմանվում է որպես լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն, որը միաժամանակ ուղղված է լեզվի արդյունավետ կենսագործունեությանը, զարգացմանն ու կիրառության վերահսկողության ապահովմանը, ինչպես նաև պետական լեզվի շահերի պաշտպանությանը:
- «Գործավարություն»՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, հաստատման, շրջանառության ապահովման և (կամ) պահպանման գործընթաց:
- «Ցուցանակ»՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների տարածքում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկություն՝ տարբերակող նշանակության անվանման, կազմակերպաիրավական ձևի, իրավաբանական անձի ֆիրմային անվանման, վարչական կամ տնտեսական գործունեության, ապրանքանշանի, աշխարհագրական կամ այլ նույնականացման միավորի մասին, որի ներքո հաստատությունը իրականացնում է գործունեություն կամ մատուցում ծառայություններ:
- Նոր հասկացությունների ներդրում՝ լեզվական վերահսկողության գործիքներ.
- Լեզվավիճակի ուսումնասիրություն՝ օրենքով սահմանված ընթացակարգ, որի միջոցով պարզվում է քաղաքացիների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների կամ կազմակերպությունների լեզվային գործունեության համապատասխանությունը «Լեզվի մասին» օրենքին և հայերենի կիրառությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերին:
- Լեզվավիճակի մշտադիտարկում՝ ընթացակարգ, որով պարզվում է պետական կամ հանրային ոլորտում հայերենի կիրառման արդյունավետությունը, վերլուծվում և գնահատվում է լեզվական համապատասխանությունը:
- Պետական լեզվական վերահսկողություն՝ պետության կողմից իրականացվող ընթացակարգ՝ լեզվի կիրառման հետևողական հսկողության և գնահատման նպատակով:
- Լեզվական փորձաքննություն՝ լեզվական նյութի (գրավոր կամ բանավոր) մասնագիտական գնահատում, որը ներառում է բառերի, արտահայտությունների, ձևաբանական և հնչյունական կառուցվածքների, իմաստների, կոնոտացիաների, նախադասությունների կառուցվածքային առանձնահատկությունների, խոսքային արտահայտչականության ու հուզականության վերլուծություն:
- Փաստաթուղթ և ձևաթուղթ՝ փաստաթղթի կամ դրա բաղկացուցիչ մասերի ստանդարտացված ներկայացում՝ փոփոխական և անփոփոխ տեղեկատվությամբ:
- Զուգակցել օտար լեզվով՝ հայերեն լեզվական նյութի ուղեկցումը օտար լեզվով՝ ըստ ձախից աջ կամ վերևից ներքև գրության կանոնների:
- Հրապարակային գրվածքների և հաղորդումների լեզվական պահանջները.
- Ցուցանակներ, գովազդներ, ձևաթղթեր, դրոշմանիշեր, նամականիշեր, կնիքներ, անվանաքարտեր և այլ հրապարակային գրվածքներ պետք է ձևավորվեն հայերեն լեզվով՝ անհրաժեշտության դեպքում զուգակցվելով օտար լեզվով:
- Օտարալեզու տեղեկությունները չեն կարող գերազանցել հայերենին ըստ ծավալի, տառերի, պատկերների, գույների, ձայնի և այլ լուծումների:
- Հրապարակային ելույթներում (գիտաժողովներ, համաժողովներ, հանրային միջոցառումներ, հեռուստառադիոհաղորդումներ) պարտադիր է հայերեն համարժեք զուգահեռ թարգմանություն:
- Տեխնիկական միջոցներով տեղեկատվությունը (օրինակ՝ ինքնապատասխանիչ սարքեր) պետք է տրամադրվի գրական հայերենով՝ անհրաժեշտության դեպքում՝ այլ լեզվով զուգակցելով:
- Պետական և տեղական մարմինների լիազորություններ.
- Հստակեցվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները՝ պետական լեզվաքաղաքականության իրականացման և վերահսկողության հարցերում:
- Նոր մեխանիզմներ են ստեղծվում՝ լեզվական վերահսկողության և մշտադիտարկման իրականացման համար, այդ թվում՝ վերլուծություններ, գնահատումներ, հանրային իրազեկում, լեզվական փորձաքննություն և խորհրդակցություններ:
- Լեզվական վերահսկողության արդյունավետությունը կապվում է օրենքի միատեսակ կիրառության, իրավական որոշակիության և հանրային վերահսկողության ապահովման հետ:
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը նպատակ ունի վերացնել լեզվի բնագավառում օրենսդրական բացերը, ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը և պետական լեզվի՝ հայերենի գործառությունը բոլոր ոլորտներում:
- Նախագիծը սահմանում է նոր հասկացություններ և հստակեցնում է նախկին հասկացությունների սահմանումները՝ հնարավորություն տալով արդյունավետ իրականացնել պետական վերահսկողություն լեզվի բնագավառում:
- Հստակեցվում են հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման պահանջները և դրանց կիրառման կարգը:
- Օրենքի միատեսակ կիրառությունը և իրավական որոշակիությունը կնպաստեն դատական պրակտիկայի միասնականությանը, խուսափելով տարաբնույթ մեկնաբանություններից և կթույլ տան նվազեցնել իրավախախտումների հավանականությունը:
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը չի առաջացնում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների էական փոփոխություն:
Ակնկալվող արդյունքը
- Կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը և օրենքի միատեսակ կիրառումը:
- Կհստակեցվեն պետական մարմինների լիազորությունները լեզվաքաղաքականության իրականացման ոլորտում:
- Կնվազեցվեն տարաբնույթ մեկնաբանություններն ու իրավախախտումների հավանականությունը:
- Կմեծացվի հանրային ու պետական ոլորտներում հայերենի գործածության վերահսկողությունը:
Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է ընդունել «Հրապարակային գրվածքների լեզվական ձևավորման կարգը» ՀՀ Կառավարության որոշում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը համահունչ է ՀՀ Կառավարության 2021–2026 թթ. ծրագրի և «Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության» նպատակներին, ուղղված ազգային արժեքների պահպանմանը, պետական լեզվի տարածմանը և լեզվական անվտանգության ապահովմանը:
Նախագծի ամբողջական կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/9225/about։