Կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է․ Բելգիայի թագուհին այցելել է ԵՊՀ

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան:

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի պետական ​​համալսարան:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Բելգիայի թագուհու այցը կամրապնդի երկկողմ համագործակցությունը և կբացի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար:

«Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների խթանման, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Բելգիայի թագուհին իր ելույթում շեշտել է՝ կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է:

Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև աշխատակիցների անունից Բելգիայի թագուհուն հանձնել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հուշադրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել