ՀԾԿՀ-ն երկարացրել է ՀԷՑ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել մեկ ամսով երկարացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է հանձնաժողովի հոկտեմբերի 10-ի որոշման մեջ, վարչական վարույթը հարուցվել է 2025 թվականի հուլիսի 18-ին՝ ուսումնասիրելու էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերը։

Հանձնաժողովը արձանագրել է, որ վարույթի շրջանակում ընկերության ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է լրացուցիչ և ծավալուն նյութեր, որոնց ուսումնասիրությունը պահանջում է հավելյալ ժամանակ՝ ապահովելու համար փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը։ Այդ իսկ պատճառով ՀԾԿՀ-ն որոշել է մեկ ամսով երկարացնել վարչական վարույթի ժամկետը, որը վերաբերում է նաև «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին և «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը՝ ներգրավված որպես վարույթի երրորդ կողմեր։

Հանձնաժողովը վերահաստատել է, որ նպատակ ունի ամբողջությամբ բացահայտել գործի բոլոր հանգամանքները և ապահովել վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրականացումը։

Որոշումը ստորագրել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել