ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի հետաքրքրական գործ, որտեղ հողամասի սեփականատերը պահանջում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունից տեղափոխել իր հողամասով անցնող գազախողովակները: Դատարանի առջև ծառացել է խնդիր՝ պարզելու, թե որն է գերակա՝ քաղաքացու սեփականության իրավու՞նքը, թե հասարակական նշանակության օբյեկտի գործարկումը:
Հայցի հիմքերը և հայցապահանջը
Iravaban.net-ի կողմից ուսումնասիրած դատական փաստաթղթերից պարզվում է, որ Գագիկ Սարգսյանը 2025թ. ապրիլի 7-ին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի:
Հայցվորը պահանջում է վերացնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող թիվ 04-002-1050-0005 և 04-002-1050-0006 կադաստրային ծածկագրերով հողամասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի խոչընդոտները: Մասնավորապես՝ պարտավորեցնել ընկերությանը տեղափոխել կամ դուրս բերել նշված հողամասերով անցնող գազախողովակները՝ հողամասերը բերելով նախկին տեսքի:
Հայցվորը նշել է, որ 2025թ. մարտի 26-ին իր հողամասեր այցելելիս հայտնաբերել է, որ դրանց ամբողջ երկայնքով անցկացված են գազատար խողովակներ: Նա պնդում է, որ այդ աշխատանքների իրականացման համար ոչ միայն չի տվել իր համաձայնությունը, այլև նույնիսկ չի էլ տեղեկացվել դրանց մասին: Ըստ հայցվորի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չունի իր հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք, և հողամասը ծանրաբեռնված չէ հարկադիր սերվիտուտով:
Պատասխանողի դիրքորոշումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առարկել է հայցի դեմ՝ հայտնելով, որ վիճարկվող Երևան-Արմավիր մայրուղային գազատարը կառուցվել է դեռևս 1966 թվականին, այսինքն՝ գազատարն այնտեղ է եղել հայցվորի կողմից հողամասերը ձեռք բերելուց առաջ:
Պատասխանողը նաև նշել է, որ գազատարի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 2017 թվականին: Համաձայն գրանցման վկայականի՝ լրացուցիչ նշումների և տեղեկությունների բաժնում ամրագրված է, որ «Գրանցված է 217.38319 հա հողամասի նկատմամբ անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի իրավունք»:
Ընկերության հայտնած տեղեկությունների համաձայն՝ հողամասերի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի վկայականները տրվել են 2022թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն՝ հողամասերը ձեռք բերելու պահին գազատարն արդեն շուրջ 56 տարի կառուցված է եղել և գործել է:
Միաժամանակ, պատասխանողը վկայակոչում է ՀՀ կադաստրի կոմիտեի 2025թ. հունիսի 23-ի թիվ ԱՏ-23062025-04-0084 տեղեկանքը, որի համաձայն՝ վիճելի հողամասերում սերվիտուտի վերաբերյալ տեղեկություն առկա չէ, բայց նշված հողամասերին կից անցնում է գազատար:
Դատարանի կողմից սահմանված ապացուցման պարտականությունները
Դատարանը 2025թ. հուլիսի 17-ին որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ սահմանելով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հետևյալ շրջանակը.
- Վիճելի հողամասերը սեփականության իրավունքով հայցվորին պատկանելու փաստը
- Գազատարը հայցվորին պատկանող հողամասի միջով անցնելու փաստը
- Պատասխանողի կողմից վիճելի գույքերն ապօրինի տիրապետելու և օգտագործելու փաստերը
- Գազատարի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցված լինելու, օրենքի ուժով անվճար մշտական սերվիտուտի իրավունքի առկայության փաստերը
Առաջին երեք կետերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվորի վրա, իսկ չորրորդ կետի ապացուցումը՝ պատասխանողի:
Դատարանը գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանել մինչև 2025թ. օգոստոսի 26-ը, – հայտնում է Iravaban.net-ը։