Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 17-ին սկսվել է Հայկազ Բաղմանյանի, ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան զինվորականի, գործի քննությունը: Բաղմանյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և գույքի ու եկամուտների չհայտարարագրման համար:
Մեղադրանքի էությունը
Համաձայն Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների, Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է զինվորական ծառայության ընթացքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը խախտելու մեջ, որն օրենքով հստակ արգելված է:
Մեղադրական եզրակացության համաձայն, Բաղմանյանը, զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ՝
- 1999-2003թթ.՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատար
- 2003-2009թթ.՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատար
- 2009-2017թթ.՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
- 2018-2020թթ.՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
անձամբ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ խախտելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները:
ՊՆ սննդամթերքի մատակարարման պայմանագրերը
Մեղադրանքի համաձայն, Բաղմանյանը 2001 թվականից վստահված անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ընկերության մեկ այլ բաժնետեր և տնօրեն Կարեն Գալոյանի օժանդակությամբ մասնակցել է «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության կառավարմանը:
Մեղադրողի պնդմամբ, Բաղմանյանն արտոնություններ և առավելություններ է տրամադրել այդ կազմակերպությանը՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքից բխող ազդեցությունը, հեղինակությունը և կապերը: Այս ազդեցությունը ենթադրաբար հանգեցրել է նրան, որ «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊԸ-ն առանց խոչընդոտների հաղթող է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սննդամթերք մատակարարելու մրցույթներում:
Համաձայն մեղադրական եզրակացության, ընկերությունը ՊՆ-ի հետ կնքել է շուրջ 7.5 միլիարդ դրամի (7,559,414,437 ՀՀ դրամ) պայմանագրեր՝ կապված բանակի համար սննդամթերքի մատակարարման հետ: Բաղմանյանը մեղադրվում է նաև այդ մրցույթների ժամանակ գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների ստացումն ապահովելու մեջ:
Փողերի լվացման մեղադրանքը
Մեղադրանքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, Բաղմանյանը դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով՝ այդ թվում այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու եղանակով:
Գույքի չհայտարարագրման մեղադրանքը
Բաղմանյանին նաև մեղադրանք է առաջադրվել հինգ դրվագով գույքի և եկամուտների չհայտարարագրման համար: Համաձայն մեղադրական եզրակացության, լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, նա թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալներ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, այնուհետև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում:
Խախտումները վերաբերում են՝
- 2017թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրին
- 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրին
- 2018թ. տարեկան հայտարարագրին
- 2019թ. տարեկան հայտարարագրին
- 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրին
Մեղադրանքի համաձայն, սա հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը:
Գործընթացի ներկա փուլը և կիրառված խափանման միջոցը
2025թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծ.Մնացականյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան:
Բաղմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը՝ համակցված գրավի հետ, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարը՝ համացանցից։