Ավարտական և միասնական քննությունները կփոփոխվեն միայն բովանդակության առումով․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու համար ոլորտային խնդիրներն ու լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի ներկայացման ընթացքին՝ դրանց շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու հուզող հարցերը: «Մանկավարժներին հետաքրքրել են նաև ավարտական և միասնական քննությունների առաջիկա ձևաչափը և բովանդակությունը:

Նախարարի խոսքով՝ դրանք նախատեսվում է փոփոխել միայն բովանդակության առումով՝ համապատասխանեցնելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին. գործընթացի վերաբերյալ կիրականացվի պատշաճ իրազեկում: Մանկավարժները դրական են արձագանքել դպրոցական բաժանորդային ծրագրին՝ ընդգծելով, որ դպրոցներն առավելագույնս օգտվում են ծրագրից, և երեխաները բավականաչափ հետաքրքրված են: Հանդիպման առանցքում էին նաև կամավոր ատեստավորմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել հոգեբանների համար նախատեսված գրականության ցանկին, դրույքաչափին, «Ֆիզկուլտուրա» առարկայի հարցաշարին:

Քննարկվել են նաև համայնքային, մարզային մրցաշարերում դպրոցական թիմերին ավելի շատ խրախուսելու հնարավորությունները: Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրանց դիտարկումներն ու առաջարկները մեծապես նպաստում են ոլորտի բարելավմանը և կրթական համակարգի զարգացմանը»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել