Բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան. փոփոխություն է առաջարկվում կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից: Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը: Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է Ազգային Ժողովից։

Թագուհի Ղազարյանի խոսքով այս պահին հանրային միջոցներով սպասարկվում է հինգ հեռարձակում: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ կբաշխվեն:

Ըստ համահեղինակի՝ նախորդիվ հանրային հեռարձակողներից՝ մեկ ՍՊԸ-ից տարիների ընթացքում պետությունը շուրջ երեք մլրդ դրամի գնումներ է կատարել առանց մրցույթի: Զեկուցողի կարծիքով այսուհետ այդ միջոցները կարող են առավել արդյունավետ ծախսվել:

Նշվել է, որ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը կրթական, մշակութային բովանդակության համար նախատեսված միջոցները բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջեւ: «Բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան այդ հանրային միջոցներից օգտվելու եւ ապահովելու մշակութային եւ կրթական բովանդակությամբ բազմազանություն»,- ընդգծել է Թագուհի Ղազարյանը: Նա բարձրաձայնել է, որ նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, բովանդակալից ու կառուցողական առաջարկներ են ստացվել պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարությունը նույնպես հավանության է արժանացրել նախաձեռնությունը: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների դիտարկումներին՝ զեկուցողը փաստել է՝ ներկայացված նախագիծը որեւէ հեռուստաալիք փակելու մասին չէ: «Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, որպեսզի հանրային հեռարձակողն առնվազն 3-ի փոխարեն 2 սլոթ ունենա»,- նշել է նախարարը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել