««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի «նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ» բառերով: Այս մասին ասել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը: Նա նշել է, որ գործող կարգավորումը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական, ուստի անհրաժեշտություն է առաջացել Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։
Արդարադատության փոխնախարարն ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսվող փոփոխությունը:
Տիգրան Դադունցը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկուցմամբ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարցը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 21-ին գումարված նիստի ընթացքում: