Հարկային մարմինը նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը. նոր օրենսդրական նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:  

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է մի շարք լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում, որոնք հիմնականում վերաբերում են եկամտային հարկի հաշվարկման և հայտարարագրման կարգի պարզեցմանը։

  • Հարկային հաշվարկների առանձնահատկություններ

Օրենսգրքի 52-րդ հոդվածում նախատեսվում է նոր կարգավորում, ըստ որի՝ հնարավոր է սահմանել հարկային հաշվարկների և դրանց կազմման առանձնահատկություններ՝ կախված հարկատեսակից։

  • Նույնականացման քարտի (ID քարտի) չստանալու դեպքում ժամկետների երկարաձգում

Եթե ֆիզիկական անձը եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը չի կարող ներկայացնել այն պատճառով, որ դեռ չի ստացել նույնականացման քարտը, ապա հայտարարագրի ներկայացման և հարկի վճարման ժամկետը կհետաձգվի մինչև քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը։

  • Էլեկտրոնային հաշվարկի ներկայացման հստակեցում

Սահմանվում է, որ եթե հարկային հաշվարկը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, այն համարվում է ներկայացված այն օրը, որը սահմանված է Օրենսգրքով որպես վերջնաժամկետ։

  • «Նվազեցվող եկամուտ» տերմինի հստակեցում

Օրենսգրքի ամբողջ տեքստում «նվազեցվող եկամուտ» արտահայտությունը փոխարինվում է «նվազեցվող (չհարկվող) եկամուտ» ձևակերպմամբ՝ իրավական միանշանակություն ապահովելու նպատակով։

  • Եկամտային հարկի տարեկան հայտարարագրման կարգի փոփոխություն

Նախագծով սահմանվում է, որ ֆիզիկական անձինք տարեկան եկամտային հարկի հայտարարագրերը հարկային մարմնին կներկայացնեն մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը, իսկ եթե մարտի 2-ը ոչ աշխատանքային օր է՝ հաջորդ աշխատանքային օրվանից։

Կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր:

  • Նախալրացման նոր մեխանիզմ՝ հարկային մարմնի կողմից (156.1 հոդված)

Նախագծով առաջարկվում է ներդնել նոր համակարգ, որի միջոցով հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայի հիման վրա, նախալրացնելու է ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հայտարարագրերը։

  • Քաղաքացիները կարող են փոփոխել այդ հայտարարագիրը և հաստատել այն էլեկտրոնային եղանակով։
  • Եթե քաղաքացուն նախալրացված հայտարարագիրը չի փոփոխում և չի ուղարկում, այն համարվում է ներկայացված՝ Օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտին։
  • Սոցիալական ծախսերի փոխհատուցման պայման

Սոցիալական ծախսը կփոխհատուցվի միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձը եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ձևով։

  • Անցումային դրույթներ
  • Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Նախալրացված հայտարարագրերի նոր համակարգը կգործի 2024 և 2025 հաշվետու տարիների համար՝ սահմանված ժամկետներով․
    • 2024 թվականի համար՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը,
    • 2025 թվականի համար՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն ու արդյունավետության բարձրացումն է։

Ակնկալվող արդյունքը․

  • Պարզեցվում է եկամտային հարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման ընթացակարգը,
  • Նվազում են տեխնիկական սխալներն ու ուշացումները,
  • Ապահովվում է էլեկտրոնային կառավարման ամբողջական կիրառում հարկային գործընթացներում,
  • Կտրուկ կրճատվում է հարկ վճարողների ժամկետների խախտման և տուգանքների ռիսկը։

Օրենսդրական նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել