Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ բազում խորությունների նման. Արագածոտնի թեմի հայտարարությունը

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, Արագածոտնի թեմի  տարածել է հայտարարություն Թեմի կալանավորված հոգևորականների և աշխատակցուհու վերաբերյալ։

«Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։

Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան:

Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։

Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար:

«Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ բազում խորությունների նման (Սաղմոս 35.7)»», ասված է տարածված հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել