Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման մեջ, որով սահմանվում է արտակարգ իրավիճակների, ռազմական դրության և այլ արտակարգ պայմանների դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու բնակչության ազդարարման և իրազեկման կարգը։
Ըստ փոփոխության՝ որոշման հավելվածի 22-րդ կետում «օրենքով սահմանված կարգով» ձևակերպումից հետո ավելացվում է «անհատույց» բառը։
Այսինքն՝ նախատեսվում է հստակեցնել, որ ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք պետք է հաշվառվեն այն մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում դրանք տեղադրված են, անհատույց կարգով։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է գործող որոշման՝ հավելվածի 22-րդ կետի անորոշ ձևակերպմամբ։ Գործող դրույթով սահմանված է, որ ազդարարման համակարգի սարքավորումները, որպես գույքային արժեք, հաշվառվում են այն մարմնի կամ կազմակերպության հաշվեկշռում, որի տարածքում տեղադրված են։ Սակայն որոշմամբ հստակեցված չէ, թե հաշվառումը կատարվում է հատուցելի, թե անհատույց կարգով, ինչի պատճառով առաջանում են իրավական և հաշվապահական անհստակություններ։
Նշված սարքավորումները ձեռք են բերվել և տեղադրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից՝ սեփական միջոցներով և հաշվառված են ընկերության հաշվեկշռում։ Լրացման արդյունքում պարզ կդառնա, որ սարքավորումների փոխանցումն իրականացվում է անհատույց հիմքով, ինչով կվերացվի գործող կարգավորման անորոշությունը և կկանխվեն հնարավոր վեճերը գույքային հաշվառման գործընթացում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը կարող է որոշ չափով ծախսեր առաջացնել տեղական ինքնակառավարման մարմինների կամ կազմակերպությունների բյուջեներում, որոնք հետագայում կկապվեն սարքավորումների շահագործման և վերանորոգման ապահովման հետ։
Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում՝
- կհստակեցվի ազդարարման համակարգի սարքավորումների հաշվառման իրավական կարգը,
- կապահովվի սարքավորումների փոխանցման և շահագործման իրավաչափ իրականացումը,
- կստեղծվեն պայմաններ սարքավորումների շարունակական սպասարկման և արդյունավետ օգտագործման համար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չունի ուղղակի կապ ռազմավարական փաստաթղթերի հետ։
Նախագծի ամբողջական կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։