Ինչպես արդեն հաղորդել է Iravaban.net–ը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Ըստ իրավապահների՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Հաշվի առնելով հասարական հնչողությունը, Iravaban.net–ը ներկայացնում է Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման միջնորդությունը քննող դատավոր Մասիս Մելքոնյանի կենսագրությունը՝ ըստ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքի.
Մասիս Արմենակի Մելքոնյան
Ծնվել է 05.10.1976թ.-ին, Երևան քաղաքում:
Կրթություն. 1999թ.-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ Բարձրագույն դպրոցը, ստացել է իրավագետի որակավորում։
Աշխատանքային փորձ.
- 1999-2000թթ. աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում որպես ավագ տեսուչ-հերթապահ։
- 2000-2003թթ. աշխատել է ՀՀ ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շահումյանի քննչական բաժնում որպես քննիչ։
- 2003-2004թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում որպես ավագ քննիչ։
- 2004-2007թթ.աշխատել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում որպես ավագ քննիչ։
- 2007-2010թթ․ աշխատել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտորանականի քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում որպես բաժանմունքի պետ։
- 2010-2014թթ. գտնվել է ՀՀ Ոստիկանության կադրերի ռեզերվում։
- 2014թ. երկարամյա ծառայության կապակցությամբ նշանակվել է կենսաթոշակ, ստացել է ոստիկանության մայորի կոչում։
- 2010-2018թթ. իրականացրել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն։
- 2019 թվականից մինչ 2023 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
- 05.2023 թվականին իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Այլ տեղեկություններ. Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատավոր Մասիսի Մելքոնյանի կենսագրությունից բացակայում է այն տեղեկատվությունը, ըստ որի Մասիս Մելքոնյանը մինչև դատավոր նշանակվելը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Բավարար է համացանցում ընդհանուր որոնում կատարել ու կարելի է համոզվել, որ այդ տեղեկատվությունը առկա է բազմաթիվ աղբյուրներում։ Տարօրինակ է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքը հրապարակում է դատավորի թերի և ոչ ամբողջական կենսագրությունը։
