Արտաշատի նախկին քաղաքապետը և ևս 2 անձ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար

2024 թվականի հուլիսի 31-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Մ․ Մոսինյանի նախագահությամբ ստանձնել է ըստ մեղադրանքի Գագիկ Մուրադյանի, Կարեն Պողոսյանի և Ահարոն Մակարյանի քրեական վարույթի քննությունը։ Մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։ Գործով մինչ այժմ կայացել է 12 դատական նիստ։

2024 թվականի սեպտեմբերի 19-ին կայացած  նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը որոշել է  վարույթով մեղադրյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներ բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը փոխել և որպես խափանման միջոցներ համակցված կիրառել պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ գրավի չափ սահմանելով մեկ միլիոն (1.000.000) ՀՀ դրամը։

Մեղադրական եզրակացության էությունը

Գագիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2001 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթող ճանաչվելու արդյունքում՝ զբաղեցնելով Արտաշատի քաղաքապետի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի Սեփականություն հանդիսացող գույքը, ներկայացնելու համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու ապօրինի հողօգտագործումները, իրավասու լինելով իր իրավասության շրջանակներում ընդունելու որոշումներ, կազմելու արձանագրություններ և արձակելու կարգադրություններ՝ այդ կերպ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2004 թվականի հունվարից մինչև 2015 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ (ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս ծառայողական շահերի), որն էական վնաս է պատճառել Արտաշատ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին, իսկ մի շարք դեպքերում անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:

Կարեն Պողոսյանի նկատմամբ 2024 հունիսի 27-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքների կատարման համար, որ նա, զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի հողաշինության և քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ի պաշտոնե ունենալով համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան՝ համայնքի սեփականությունը համարվող հողամասերը սահմանված պայմաններով և սահմանված կարգով օտարելու կամ օգտագործման տրամադրելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը՝ համայնքի ղեկավարին ներկայացնելու, համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան՝ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերն օրենքով սահմանված դեպքերում և կարգով օտարելու կամ օգտագործման տրամադրելու մասին փաստաթղթերը նախապատրաստելու և համայնքի ղեկավարին ներկայացնելու իրավասություն, խոչընդոտները վերացնելով՝ օժանդակել է Արտաշատ համայնքի ղեկավարներ Գագիկ Մուրադյանին և Արգամ Աբրահամյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել Արտաշատ համայնքի իրավունքներին և օրինական շահերին։

Ահարոն Մակարյանի նկատմամբ 2024 թվականի հունիսի 27-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքների կատարման համար, որ նա, 2014 թվականի հոկտեմբերի դրությամբ աշխատելով «Արա Արտ Ռիելիթի» ՍՊ ընկերությունում որպես գնահատող, Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Գագիկ Մուրադյանի կողմից օգտագործելու նպատակով կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ, ինչպես նաև օժանդակել է նրան՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել Արտաշատ համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Առաջադրված մեղադրանքների հիմքերը

Գագիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և  308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին),

Ահարոն Մակարյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգքրի 457-րդ հոդվածի 1-ին մասին),

Կարեն Պողոսյանին՝  2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին):

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել