Կառավարության , հոկտեմբերի մեկին տեղի ունեցած նիստում ՀՀ պետական եկամուտների նախարար Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի առաջարկվում է 2025թ․ պետական բյուջեում վերաբաշխում կատարել և լրացուցիչ 12,6 մլրդ դրամ գումար ուղղել «Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձ» ծրագրին։
Պատճառը 2025թ․ ընթացքում ծրագրից օգտվողների թվի զգալի աճն է․ եթե 2024թ․ ծրագրից օգտվել է մոտ 50 000 շահառու, ապա 2025թ․ արդեն ծրագրի շահառու է դարձել շուրջ 62 000 քաղաքացի։ Արդյունքում՝ վերադարձվող գումարների ծավալը գերազանցել է նախապես բյուջեով պլանավորվածը․ մասնավորապես՝ 2025թ․ բյուջեով այս ծրագրի համար նախատեսված էր 84 մլրդ դրամ գումար, սակայն հունվար–սեպտեմբեր ամիսներին 70 մլրդ դրամն արդեն իսկ ծախսվել է։
Հենց այս միտումները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել լրացուցիչ ֆինանսավորում, որպեսզի մեր շահառու քաղաքացիները սահմանված կարգով և ժամկետներում շարունակեն ստանալ իրենց հասանելիք աջակցությունը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ վերաբաշխման արդյունքում՝ ծրագրի տարեկան ֆինանսավորումը կկազմի 97 մլրդ դրամ, որն աննախադեպ ցուցանիշ է ծրագրի մեկնարկից ի վեր։