Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն։ Այսօր կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման եզրափակիչ նիստն էր։
Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց Վահագն Թորոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու՝ փաստաբան Գուրգեն Թորոսյանի միջնորդությունը մերժել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։
Ըստ Գուրգեն Թորոսյանի, Վահագն Թորոսյանը «Ֆլեշ» ընկերության դեմ ներկայացված հայցադիմումը քննել և լուծել է, սակայն դատավարության կողմերի համար չի բացահայտել այն հանգանմանքը, որ նախկինում շուրջ 11 տարի եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության հարցում: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, նաև այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Օրենսգրքով սահմանվում է, որ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը: Ըստ այդմ՝ դատավոր Վահագն Թորոսյանը պետք է բացահայտեր, որ եղել է «Ֆլեշ» ընկերության իրավաբանը, ինչը չի արել։