Հայաստանն ու Ադրբեջանը արդեն հարմարվել են խաղաղության պայմաններին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։ Ալիևը ընդգծել է, որ և՛ Երևանը, և՛ Բաքուն արդեն հարմարվել են խաղաղ ժամանակների կյանքին և նշել, որ ադրբեջանական կողմը կշարունակի իր ջանքերը խաղաղության օրակարգը առաջ մղելու համար:  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Haqqin.az-ից։

Եվրոպացի պաշտոնյաներն էլ ընդգծել են, որ այսուհետ ևս շարունակելու են խաղաղության պահպանման ջանքերը: Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր ուղղություն է Եվրամիության համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական Միության էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի դերին: Ընդգծվել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև 2022 թվականին էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի արտահանման ծավալը եվրոպական գազային շուկա աճել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել